Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն ամենը, ինչ որ մարդկային է... Եվային թվաց, թե իր աչքերի առաջ մի րոպեի մեջ հրաշք կատարվեց, ահավոր մի հրաշք, որով կրթված մարդը հանկարծ իջել էր մինչև վայրենու աստիճանը, որով բնական արարածը գազան էր դարձել... Բնազդական սոսկումով նա ետուետ գնաց անգիտակցաբար և քիչ մնաց, որ նորից ճչա, որովհետև նրան թվաց, թե այդ գազանն ուզում է հարձակվել իր վրա և, եթե հարձակվի, այլևս փրկություն չկա...

Նա շուռ եկավ և խելագարի պես դուրս վազեց սենյակից։

Բազենյանն ուշքի եկավ և վախեցած նայեց չորս կողմը. կարծես մեկը դարան լիներ մտած սենյակում և, հանկարծ դուրս պրծնելով պիտի հարձակվեր իր վրա։ Հետո հանգստությամբ ուղղեց փողկապը և դիմեց դեպի դուրս։ «Շտապեցի... շատ շտապեցի...»,— մտածում էր նա մեքենայաբար, նախասենյակում վերարկուն և կրկնակոշիկները հագնելիս։

Դուրսը, փողոցում, հենց դռան մոտ հանդիպեց Թեկլեն, որը տուն էր գալիս։

— Ա՛խ, դուք եկել եք, վերջապես,— բացականչեց նա ուրախացած։

— Ես գնում եմ, տիկին,— վրա բերեց Բազենյանը ժպտալով։

— Գնում ե՞ք... ի՞նչ եք ասում։

— Օրիորդը տկար է, չուզեցի անհանգստացնել և բացի դրանից, ժամը երկուսին անպատճառ պետք է լինիմ մի տեղ, իսկ այժմ (Բազենյանը նայեց ժամացույցին) երկուսից քառորդ պակաս է։

— Դե, ներս եկեք, լավ։ Ամուսինս էլ շուտով կգա։ Ճաշին կմնաք մեզ մոտ։

— Հավատացնում եմ, տիկին, չեմ կարող։ Այժմ չեմ կարող, ոչ մի պայմանով։ Կաշխատեմ գալ երեկոյան, իսկ եթե երեկոյան չկարողացա գալ, կգամ վաղն անպատճառ։ Մի քանի օր դարձյալ այստեղ եմ։

Թեկլեն թախանձեց, որ անպատճառ գա, ասաց, որ իրենց որդուն տանելիք նամակն ահագին կարևորություն ունի իրենց