Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար, նրա մտքից այնքա՛ն հեռու էր Բազենյանի հետ ունեցած խոսակցության վերջաբանը, որ նա կասկածում էր, թե չլինի՞ այդ բոլորը երազի պես մի բան էր միայն, այլ ոչ կատարված իրողություն։ Այդ կասկածն այնքան ավելի բնական էր թվում նրան, որքան երազ համարած իրողությունը, անսպասելի լինելով հանդերձ, կատարվել էր արագ, գրեթե վայրկենաբար։ Մինչև այժմ էլ նա, կարծես, զգում էր Բազենյանի ծանր, սարսափ ազդող տաք շնչառությունն իր ծնոտի տակ... Նա ձեռքը քսեց ծնոտի տակ և նոր զգաց, որ ցավում է այդտեղ։ Վեր կացավ, նայեց հայելու մեջ և տեսավ, որ ծնոտի տակ, Բազենյանի շրթունքների կպած տեղը կարմրել էր և նույնիսկ ատամների հետքեր է կրում ։ Սակայն Եվայի վրա ամենից ավելի սարսափ էին բերել Բազենյանի աչքերը, առաջվա այն գեղեցիկ, մտախոհ, թախծալի աչքերը... Եվային թվաց, որ երբ շները կատաղում են, նրանց աչքերն էլ այդպես են փոխվում...

Սիրո, մանավանդ իր սիրո մասին Եվան չափից դուրս վեհ և անպայման մաքուր գաղափար ուներ, որպեսզի կարողանար հաշտվել Բազենյանի աչքերի մեջ նկատված փոփոխության հետ,— մի փոփոխություն, որ ամեն անգամ մտապատկերելիս բնազդական դող էր զգում մարմնի մեջ... Եթե նա սիրել էր Բազենյանին, եթե իր անարատ սիրտը նվիրել էր նրան, դրա պատճառն ա՛յն էր միայն, որ Բազենյանի մեջ մսից և արյունից կազմված մարդ չէր տեսել, այլ գերբնական մի արարած, մի իդեալ, որի մեջ տեղ չպիտի ունենար ախտաբանական մարդը... Եվան նոր էր մտածում, որ այդ թերևս շատ անհեթեթ մի պահանջ էր իր կողմից, թերևս այդպիսի մարդ չկա աշխարհիս երեսին, որովհետև չի կարող լինել, որովհետև մարդը, ինչքան էլ որ այս կամ այն կերպ իդեալ ներկայանա, էլի նույն մսից ու արյունից կազմված մարդն է, բայց սիրո սրբագործող աշխարհում, որ նույնքան անիմանալի է, որքան և աստվածային էությունը, մարդու մեջ, Եվայի կարծիքով, իսպառ պիտի ոչնչանար անասնականը և շնայինը, կամ գոնե այդ անասնականն ու շնայինը պիտի ստանար աստվածային պատկերը կրող արարածին վայել ամենաբարձր, խելացի արտահայտումն։ Իր միամիտ անմեղությամբ Եվան