«Այս ի՞նչ է, այլաբանությո՞ւն»,— մտածեց Շահյանը, լավ չհասկանալով պանի Զդանևիչի խոսքերի իմաստը, և կամաց, վախեցած նայեց նրա մեղմորեն և փոքր-ինչ ծաղրաբար ժպտող աչքերին։
Պանի Զդանևիչը մոտեցավ նրան և այս անգամ սկսեց խոսել այնպես, ինչպես հասակավորը խոսում է երեխայի հետ։
— Ես ուզում եմ մի քանի խրատ տալ ձեզ, պարոն Շահյան։ Ամենից առաջ պիտի ասեմ ձեզ, որ դուք ձեր այդ հոռետեսությամբ ինձ վրա այնպիսի տպավորություն եք թողնում, ինչպիսի տպավորություն որ կթողնի ծխախոտ ծախող երեխան։ Ես ներողություն չեմ խնդրում ձեզնից իմ այս համեմատության համար, որովհետև այնքան համակրեցի և սիրեցի ձեզ, իմ ազնիվ բարեկամ, որ անկեղծորեն կփափագեի ձեզ ազատված տեսնել այդ սարսափելի հիվանդությունից։ Իսկ հոռետեսությունն իսկապես որ սարսափելի հիվանդություն է, որից ամեն կերպ պիտի աշխատեք ազատվել։ Եվ այդ բանը դժվար չէ. հարկավոր է միայն կյանք մտնել, կյանքը ճաշակել և... դեն շպրտել այն գրքերը, որ կարդում եք։ Այո՛, այո, իմ սիրելի բարեկամ, ես տեսնում եմ, որ դուք շատ անփորձ եք, կյանքը չեք ճանաչում, նրա համը չեք առել ամենևին և խոսում եք միմիայն գրքերից։ Բայց եթե կյանքի գիրքն էլ կարդայիք, կտեսնեիք, որ նրա էջերը ձեր կարծածի չափ սև չեն։ Ի նկատի ունեցեք, որ այս բանն ես ասում եմ կյանքի մեջ այնքան դառնություններ ճաշակելուց հետո։ Կյանքը, ինչ էլ որ լինի նա, միշտ սիրելի է, համենայն դեպս, ավելի սիրելի ու ցանկալի, քան մահը, ճիշտ այն բնական օրենքի զորությամբ, որով մարդուս համար ավելի սիրելի ու ցանկալի է իր աշխարհագրական հայրենիքը, քան օտար, անծանոթ մի երկիր։ Մեռնելը միշտ կարելի է, պարոն Շահյան, ով ցանկանում է այդ, բայց նորից ապրել, ավա՜ղ, այդ միայն Ղազարոսին է վիճակված։ Մտածեցեք, ինչքան ուզում եք մտածեցեք և խորը գնացեք կյանքի վերջնական նպատակը գտնելու, մարդու գոյության հանելուկը լուծելու համար — ի՞նչ դուրս կգա դրանից։ Ոչինչ։ Մտածելով չեք կարող փոխել աշխարհիս օրենքները: Այդ օրենքներն եղել են, կան և կմնան նույնը,