Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես գնամ շուտով շորերս հագնեմ
Եվ խոհարարին ասեմ, որ այսօր
Ի պատիվ որդուս՝ լավ ճաշ պատրաստե։

ԱՇԽԵՆ։

Սպասիր, հայրիկ, քո տեղը ես կերթամ։

ՍՏԵՓԱՆՈՍ։

Ոչ, դու կաց այստեղ, այս սենյակս էլ
Դու կարգի գցիր։

(Դուրս է գնում):



ՏԵՍԻԼ III

Աշխեն: (Միայն)

ԱՇԽԵՆ։ (Միայն)

Իզուր եմ ճգնում, իզուր աշխատում
Այս ահեղ միտքը հալածել ինձնից.
Նա անջնջելի կերպով դրոշմված է
Ուղեղիս վերա, որպես դրոշմը
Անառակության, որպես անփոփոխ
Երկնային պատիժ մարդկային սեռի
Թույլ կամքի համար։ Նա ամենուրեք
Հալածում է ինձ, որպես արհավիրք
Մեղապարտության, որպես ծնողական՝
Սոսկալի անեծք և որպես ամոթ
Խախտված կուսության... Շուտով ես արդեն
Մայր եմ լինելու... Մա՜յր... Ի՞նչ ես ասում
Թշվառականս... Եվ այս երազ չէ՞...
Մի՞թե ինձ միայն իրականություն
Է շրջապատում... Մի՞թե այդ ահեղ
Իրականության մեջ ոչինչ չկա