Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



ԹՈՒՍՅԱՆ.— (Բաժակն առնելով նրա ձեռքից): Անուշ։

ԹԱԹՈՍ.— Անուշ կենաս, աղա ջան։

ԹՈՒՍՅԱՆ.— Հա՛, հմի ջան դառա, հա՛։ Բա էն վախտը մի պատառ հաց ու պանիր չտվիր, որ ուտեմ։ (Թաթոսը ծիծաղում է։ Մարգարյանը նշանացի սաստում է նրան և հրամայում, որ դուրս գնա): Յավաշ, ո՞ւր ես գնում։ Արի հավաքի ըստոնք։ Ինձ որ մտիկ տաս, ես լիս է լիս կնստեմ, ըսկի չեմ էլ ասի շնորհակալ եմ։ (Մի ծխախոտ է վառում լամպի վրա): Տեսնում ես, աղեդ էլ նոթերը կիտել ա։(Ծիծաղում է և սկսում ծխելով ման գալ):

Թաթոսը վերցնում է մատուցարանը և դուրս տանում: Մարգարյանը վեր է կենում և գնում նստում գրասեղանի մոտ:


ՏԵՍԻԼ IX

ԹՈՒՍՅԱՆ.— Մարգարյան, ամուսնացած չե՞ս։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Չէ։

ԹՈՒՍՅԱՆ.— Դե որ այդպես է, ինչո՞ւ չես այս ախմախի տեղ (Թաթոսի հասցեին) մի քոծ պահում... (Մարգարյանը լռում է ակներև դժգոհությամբ: Միջոց): Դե, դու հիմա նստեցիր պարապելու, իսկ ինձ ո՞րտեղ կհրամայես շնթռկեմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այ, ուզում ես՝ այդտեղ քնիր (ցույց է տալիս գահավորակը), ուզում ես՝ այնտեղ (ցույց և տալիս ննջարանի դուռը), մահճակալիս վրա։

ԹՈՒՍՅԱՆ.— Չէ, ախպեր, քո մահճակալը թող քեզ մնա, ես վեր կընկնեմ այստեղ։ Այսքան ուտել — խմելուց հետո գուցե մի քիչ խռմփացնեմ, բայց վնաս չունի, մուզիկով պարապելը քեզ համար, կարծեմ, ավելի հաճելի կլինի։ (Ծիծաղում է):

Մարգարյանը վեր է կենում և գնում ննջարան, որտեղից դուրս է բերում մի բարձ, վերմակ ու սավան և ուզում է անկողին պատրաստել գահավորակի վրա:

ԹՈՒՍՅԱՆ.— Դե հիմա թող, տեղաշորս ես կպատրաստեմ։ Հալա օգնիր այս սեղանն այն կողմը քաշենք։ (Սեղանը հեռացնում է գահավորակից): Բայց ինչ եմ ասում, Մարգարյան, էգուց ինձ փող պետք է տաս, ուզում եմ մի հեռագիր