մի ձեռքով գրկեց Աշխենի ուսը, գլուխն առաջ տարավ և մյուս ձեռքով բաց արեց գրքի երեսը։— Ընդհանուր պատմություն։ Պարոն Շահյան, դուք չե՞ք ձանձրանում։ Գիտե՞ք ինչու եմ հարցնում,— որովհետև ես չափից դուրս շատ եմ խոսում,— ինչպես մեր տանն ամենքը, բացի Աշխենից,— և վախենում եմ, որ այս անգամ էլ շատ խոսեմ, թեև արդեն, կարծեմ, շատ եմ խոսում։ Գիտե՞ք, ես ամեն բանից կարող եմ խոսել, թե ինչպես — այդ ուրիշ հարց է: Օրինակ, հենց ընդհանուր պատմությունից, որից, այս էլ ասեմ, շատ բան մոռացել եմ։ Կամ թե — ձանձրանալու մասին։ Պետք է խոստովանեմ, որ ես առհասարակ շատ խոսել սիրում եմ առավելապես այնպիսի բաների մասին, որոնց համար հարկավոր է խելքին զոռ տալ։ Ի դեպ. խոսենք ձանձրանալու մասին: Այստեղ երեք հոգի ենք. տեսնենք ով ինչից է ձանձրանում։ Գիտե՞ք, այսպիսի դատարկ բաների մասին խոսելիս մարդու ուղեղի մեջ երբեմն խելացի մտքեր են հղանում։ Ես, օրինակ, ձանձրանում եմ, որ մարդ չկա մոտս, որ խոսեմ. Աշխենը ձանձրանում է պարապ մնալուց,— այդպես չէ՞, Աշխեն.— իսկ դո՞ւք ինչից եք ձանձրանում, պարոն Շահյան։ Շատախոսների՞ց։
Շահյանը ծիծաղեց։
— Չէ, հավատացեք, պարոն Շահյան, խոսենք լրջորեն։ Զարմանալի է, Աշխեն. ինչո՞ւ, որ ես խոսում եմ, ամենքը կարծում են, թե կատակ եմ անում։ Հայրիկը խո բոլորովին կատաղեցնում է ինձ։ Դու էլ ասենք, քիչ ու միչ.. այնպես, էլի՛... Տեսնո՞ւմ ես, ծիծաղեցիր։ Պարոն Շահյանն էլ է ծիծաղում, տե՛ս։ Հավատացեք, պարոն Շահյան. եթե իմ շատախոսությունը ձանձրացնում է ձեզ, քիչ կխոսեմ, կաշխատեմ քիչ խոսել։
— Ընդհակառակը, օրիորդ։
— Ի՞նչ ընդհակառակը. որ իմ շատախոսությունը զբաղեցնո՞ւմ է ձեզ։
— Այո։
Եվան ուսերը վեր քաշեց։
— Այդ ավելի վատ։ Ուրեմն դուք միայն զվարճանում եք ինձ վրա և, գուցե, թեթևսոլիկներից մեկն եք համարում ինձ։