Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քան բարձր, որ ամենքն էլ լսեցին.— Մակար Ալեքսեևիչ,— ասում է,— այդ ինչո՞ւ այսօր նստած եք այդպես ու-ու֊ու,— և հետն էլ դեմքն այնպես ծամածռեց, որ ամենքն էլ, ովքեր կային նրա և ինձ մոտ, ծիծաղից թուլացան և, իհարկե, իմ հաշվին։ Ու սկսեցին, ու սկսեցին։ Ես ականջներս էլ փակեցի, աչքերս էլ փակեցի, նստած եմ ինձ համար, չեմ շարժվում։ Այդպես է արդեն իմ սովորությունը. այդպես նրանք շուտով են ձեռք քաշում ինձանից։ Հանկարծ լսում եմ աղմուկ, վազվզոց, շփոթ, լսում եմ — չե՞ն խաբում արդյոք ականջներս — ինձ են կանչում, ինձ են պահանջում, Դեվուշկինին են կանչում։ Սիրտս դողաց կրծքիս մեջ ու ինքս էլ չգիտեմ ինչից վախեցա, մենակ այն գիտեմ, որ կյանքիս մեջ երբեք այդպես չէի վախեցել։ Մեխվեցի աթոռիս ու որպես թե ոչինչ չգիտեմ, որպես թե ես չեմ։ Բայց ահա նորից սկսեցին, ձայները մոտենում են ու մոտենում։ Ահա արդեն ականջիս տակ են կանչում — Դեվուշկինին, Դեվուշկին, ո՞րտեղ է Դեվուշկինը։ Աչքերս բարձրացնում եմ. առջևս ցցված է Եվստաֆիյ Իվանովիչը, ասում է՝ Մակար Ալեքսեևիչ, գնացեք նորին գերազանցության մոտ շուտով, թղթի գլխին ինչ-որ օյին եք բերել։ Մենակ այս էր ասածը, բայց այս էլ բավական էր, չէ՞, ջանիկս։ Մեռա, ճակատս սառը քրտինք պատեց, զգացումներից զրկվեցի, գնում եմ, ուղղակի ոչ կենդանի եմ, ոչ մեռած։ Գնում եմ մի սենյակով, մյուս սենյակով, երրորդ սենյակով, առանձնասենյակ — ներկայացա։ Մի դրական հաշիվ, թե ինչի մասին էի մտածում այն ժամանակ, ես ձեզ տալ չեմ կարող։ Տեսնում եմ, կանգնած է նորին գերազանցությունը, նրա շուրջն էլ նրանք բոլորը։ Կարծեմ գլուխ չտվի, մոռացա։ Վախն այնպես էր բռնել ինձ, որ շրթունքներս էլ էին դողդողում, ոտներս էլ էին դողդողում։ Եվ պատճառը մեկ չէր, երկու չէր, ջանիկս։ Նախ, քաշվում էի. նայեցի աջ կողմը հայելու մեջ և ուղղակի քիչ մնաց խելագարվեի այն բանից, ինչ որ տեսա այնտեղ։ Եվ երկրորդ, ես միշտ այնպես էի անում, որպես թե աշխարհիս երեսին չկամ։ Այնպես որ հազիվ թե նորին գերազանցությանը հայտնի լիներ իմ գոյությունը։ Գուցե թե այնպես, անցողակի լսած լիներ, որ իրենց հաստատության մեջ