Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատուհանը և, լապտերը ծածկելով, կտրուկ բացեց փեղկերը:

Սենյակը խուժած վայրի քամին քիչ էր մնում մեզ պոկեր հատակից: Հիրավի, այդ փոթորկոտ գիշերը եզակի էր իր սարսափելի գեղեցկությամբ։ Մեր գլխավերևում անկասկած հողմապտույտ էր ծնվում. քամին անընդհատ փոխում էր ուղղությունը, տան վրա կախված թանձր ամպերն ամեն կողմից կատաղի արագությամբ սլանում էին, իրար բախվում, բայց այլևս չէին հեռանում։ Ամպերի սաստիկ խտությանը հակառակ, մենք տարբերում էինք այդ սոսկալի շարժումը, չնայած ոչ լուսինը, ոչ էլ աստղերը չէին երևում և կայծակ չկար։ Մրրկահույզ գոլորշիների կուտակումներն ու մեզ շրջապատող առարկաներն անիրական մի փայլ էին արձակում ամբողջ ապարանքը պատած, բայց պարզ տեսանելի մշուշի ճառագայթած արտասովոր լույսի տակ։

— Դուք չե՛ք կարող, դուք չպե՛տք է տեսնեք դա։— Սարսափած գոչեցի ես, և Աշըրին պատուհանից ետ քաշելով, նստեցրի բազմոցին։— Այս զարհուրելի տեսարանը սովորական էլեկտրական երևույթների հետևանք է, կամ էլ նեխած լճակի ժանտահոտ շնչի արդյունքը։ Ավելի լավ է փակե՛նք փեղկը, սառը օդը կարող է վնասել ձեզ։ Ահա ձեր սիրելի վեպերից մեկը։ Հիմա ես կկարդամ, և մենք միասին կլուսացնենք գիշերը։

Ձեռքիս հնատիպ հատորը սըր Լանսըլըթ Քանինգի «Խելահեղ վիշտ»-ն էր։ Այն Աշըրի սիրելի գիրքը կոչելով, ես բավական անհաջող մի կատակ արի, քանի որ դրա անշնորհք ու ճոռոմ ոճը հազիվ թե վայելեր նրա վսեմ պոետիկ ճաշակին։ Ինչևէ, դա ձեռքիս տակ եղած միակ գիրքն էր, և ես հույս ունեի, որ ընկերոջս խռովահույզ վիճակը (հոգեկան խանգարումների պատմության մեջ քիչ չեն նման օրինակները) կարող էր անցնել մոլեգին խելագարության այն պատմությունից, որը ես պիտի կարդայի: Իսկապես, որքանով կարելի էր դատել այն լարված աշխուժությունից, որով նա լսում էր, կամ թվում է, թե լսում էր այդ պատմությունը, ես առիթ ունեի ինձ շնորհավորելու հաջող նախաձեռնության համար։

Ես հասել էի այն տեղին, ուր գրքի հերոս Էթըլրեդը, տեսնելով, որ ճգնավորը բարի կամքով իրեն ներս չի թողնի, որոշում է ուժով մտնել նրա օթևանը։ Եթե հիշում եք, այդ տեսարանը նկարագրվում է հետևյալ կերպ.