Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր, ես համարձակ մտնում էի նրա սենյակը, աներկյուղ դիմում նրան և հոգատարությամբ հարցնում, թե ինչպես է նա անցկացրել գիշերը։ Ինչպես տեսնում եք, նա չափից դուրս խորաթափանց պիտի լիներ, որպեսզի կարծեր, թե ես գիշերներն իրեն այցելում եմ։

Ութերորդ գիշերը ես հատկապես զգույշ էի բացում դուռը։ Ժամացույցի մեծ սլաքը երևի ավելի արագ էր շարժվում, քան իմ ձեռքը։ Ես դեռ երբեք այդպես չէի ըմբոշխնել իմ զորությունն ու մտքի սրությունը, հազիվ էի կարողանում զսպել ցնծությունս։ Պատկերացնո՞ւմ եք՝ ես կամացուկ բացում եմ նրա դուռը, իսկ նա երազում էլ չի տեսնում կամ զգում իմ թաքուն արարքներն ու մտքերը։ Ես նույնիսկ քմծիծաղ տվեցի այդ մտքից, և նա թերևս լսեց ինձ, որովհետև անհանգիստ շուռումուռ եկավ անկողնում: Կարծում եք ես ե՞տ մղվեցի, վախեցա՞, ո՛չ, ա՜յդ էր պակաս։ Նրա սենյակում գերեզմանի պես մութ էր (գողերի վախից նա միշտ փակում էր դրսի փեղկերը), և ես, համոզված, որ նա ինձ չի տեսնում, շարունակեցի ներս հրել դուռը։

Ես արդեն ներս էի տարել գլուխս և այն է պատրաստվում էի բացել լապտերի փեղկը, երբ մատս փականի վրայից սայթաքեց, և ծերուկն իսկույն վեր թռավ անկողնում, գոռալով՝ «ո՞վ կա այստեղ»։

Ես անշարժացա ու պապանձվեցի։ Մի ամբողջ ժամ ես քարացած կանգնել էի, բայց չլսեցի նրա պառկելը։ Նա դեռ նստած էր անկողնում ու լարված լսում էր, ճիշտ այնպես, ինչպես ե՛ս էլ մեկ-մեկ գիշերները լսում էի սենյակիս մեռելային լռությունը։

Հանկարծ մի թույլ հառաչանք լսվեց։ Ես ճանաչեցի այդ ձայնը՝ դա մահացու սարսափի հառաչանք էր։ Ոչ թե ցավի կամ վշտի, ո՛չ, այլ այն թո՜ւյլ, շնչակտուր ձայնը, որն արձակում է սարսափախեղդ արված հոգին։ Ես լա՜վ գիտեի այդ ձայնը։ Շատ անգամ, հենց կեսգիշերին, այդ հառաչանքը պատռել էր իմ սեփական կուրծքը, իր ահարկու արձագանքով ավելի սաստկացնելով մղձավանջներիս սարսափը։ Ես ձեզ ասում եմ, որ լա՛վ գիտեի այդ ձայնը: Շա՛տ լավ գիտեի, թե ինչ էր զգում ծերունին և խղճում էի նրան, թեև սիրտս չարախնդում էր։ Ես գիտեի, որ նրա քունը վաղուց էր փախել, հենց այն թույլ ձայնից, երբ նա շուռումուռ էր գալիս անկողնում։ Այդ պահից նրա