դուրս փախչելով բոցավառվող տնից։ Մեր շենքից բան չէր մնացել, կրակը ոչնչացրել էր իմ ամբողջ ունեցվածքը։ Այդ օրվանից ի վեր ես մատնվեցի ծայրաստիճան վհատության։
Ես ինձ բարձր եմ դասում իմ չարագործության և այդ աղետի միջև պատճառային կապեր փնտրելու թուլությունից։ Փաստերի այս շղթան շարադրելով, ես ուզում եմ, որ նրա ամեն մի օղակ ներկայացվի պատշաճ հերթականությամբ և առանց խեղաթյուրման։ Հրդեհի հաջորդ օրը ես այցելեցի իմ տան ավերակները։ Բոլոր պատերը, բացի մեկից, փլվել էին։ Տան կենտրոնական մասում կանգուն էր մնացել միայն մի բարակ միջնորմ, որը ուղիղ անկողնուս սնարի մոտ էր գտնվում։ Այն փաստը, որ պատի ծեփը կրակից համարյա թե չէր տուժել, ես բացատրեցի նրանով, որ իմ սենյակը բոլորովին վերջերս էին սվաղել։ Այդ պատի մոտ մեծ ամբոխ էր հավաքվել, շատերը հետաքրքրությամբ ու զարմանքով մի կետի էին նայում։ «Տարօրինա՜կ է», «Այ քեզ բա՜ն» բացականչությունները գրավեցին իմ ուշադրությունը։ Ես մոտեցա պատին և տեսա, նրա սպիտակ մակերեսին, ասես դրոշմված, կատվի հսկայական մի բարձրաքանդակ։ Կատուն, որի վզին թոկ էր գցված, պատկերված էր ապշեցուցիչ ճշտությամբ ու մանրամասնությամբ։
Երբ այդ տեսիլքը (ուրիշ ի՞նչ կարող էր լինել) առաջին անգամ երևաց աչքիս, ես համակվեցի անսահման զարմանքով ու վախով։ Բայց քիչ անց դատողությունս ինձ օգնության հասավ և ես հիշեցի, որ կատվին կախել էի տանս կից այգում։ Հրդեհից առաջացած իրարանցման մեջ այգին լցվել էր մարդկանցով, և երևի ինչ֊որ մեկը, թոկը կտրելով, կատվին բաց պատուհանից շպրտել էր սենյակս։ Հավանաբար, դա արվել էր ինձ արթնացնելու նպատակով։ Փլչող պատերն իմ դաժանության զոհին սեղմել էին թարմ ծեփի մեջ՝ կրակի և ոսկորներից անջատված ամոնիակի ներգործությամբ ստեղծելով այդ ահավոր պատկերը։
Այսպիսով, չնայած ես, խղճիս հակառակ, հանգստացրի իմ գիտակցությունը, սակայն երևակայությունս, վերը նկարագրված դեպքերի ազդեցության տակ, խիստ բորբոքված էր։ Կատվի տեսիլքը մի քանի ամիս շարունակ ամենուր հետապնդում էր ինձ։ Ես արդեն համարյա զղջում էի իմ արածի համար։ Գարշելի այն պանդոկներում, որոնք ես առաջվա նման հաճախում էի, ես փորձում էի մի որևէ կատու գտնել, որը գեթ