Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի օր ինչ-որ գործով նրա հետ իջա մեր նոր վարձած խարխուլ տան մառանը։ Կատուն վազեց մեր ետևից և քիչ էր մնում ինձ վայր գցեր։ Ես գազազեցի, մանկական այն վախը, որը մինչ այդ զսպում էր ինձ, անէացավ։ Կացինը բարձրացնելով, ես, անկասկած, տեղնուտեղը կսատկացնեի այդ գարշելի էակին, եթե կինս ձեռքս չբռներ։ Հրեշային կատաղությամբ բռնկված, ես դուրս քաշեցի ձեռքս և կացինը իջեցրի նրա գլխին։ Կինս ընկավ, առանց որևէ ձայն հանելու։

Այդ նողկալի հանցանքը գործելով, ես գլուխս չկորցրի և սկսեցի մտածել, թե որտեղ թաքցնեմ մարմինը։ Պարզ էր, որ առանց հարևանների ուշադրությունը գրավելու ինձ հազիվ թե հաջողվեր ցերեկով կամ նույնիսկ գիշերը մարմինը տնից դուրս բերել։ Մտքովս ինչ ասես, որ չէր անցնում։ Սկզբում ես մտադիր էի մարմինը մանր մասերի բաժանել և այրել, հետո որոշեցի թաղել նկուղում։ Ես նույնիսկ ուզում էի դիակը գցել մեր բակի ջրհորը, կամ էլ, սնդուկի մեջ դնելով, մի բեռնակիր վարձել, որպեսզի տնից հեռացնի։ Վերջապես գտա ամենից հարմար միջոցը՝ որոշեցի դիակը պահել նկուղի պատի մեջ։ Ես լսել էի, որ այդ ձևով էին թաքցնում իրենց զոհերին միջնադարյան վանականները։

Նկուղը շատ հարմար էր իմ մտադրությունն իրագործելու համար։ Նրա պատերը շարված էին առանց շաղախի և ծածկված էին թարմ ծեփով, որը խոնավության պատճառով դեռ չէր հասցրել չորանալ։ Դեռ ավելին, պատերից մեկում ծխնելույզի թե բուխարու համար մի փոս կար, որն այժմ ծածկված էր աղյուսներով և պատից ոչնչով չէր տարբերվում։ Ես համոզված էի, որ դիակը հեշտությամբ կարելի էր թաքցնել այդ խորանում և պատը նորից շարել այնպես, որ ոչ մի կասկած չառաջանար։

Եվ ես չէի սխալվել։ Պատը լինգով քանդելը ոչ մի դժվարություն չներկայացրեց։ Մարմինը ես խնամքով հենեցի խորանի ներսի պատին և ամրացնելով այդ դիրքում, հեշտությամբ վերականգնեցի շարվածքը։ Հետո, բոլոր կանխազգուշություններով, ավազ, գաջ ու ցցամազ ճարելով, ես նոր, հնից ոչնչով չտարբերվող ծեփ պատրաստեցի և խնամքով սվաղեցի պատը։ Գործն ավարտելով, ես գոհունակությամբ եզրակացրի, որ պատի մեջ ոչ մի փոփոխություն չէր նկատվում։ «Վերջապե՜ս իմ ջանքերն իրենց արդարացրին»,— ասացի ես ինքս ինձ։

Իմ հաջորդ գործն ինձ կործանած կատվին գտնելն էր, քանի