ԿԱՐՄԻՐ ՄԱՀՎԱՆ ԴԻՄԱԿԸ
«Կարմիր մահը» վաղուց արդեն ավերում էր երկիրը։ Այդչափ սոսկալի ու աղետաբեր համաճարակ դեռ երբեք չէր եղել։ Արյունն էր նրա դրոշը, իսկ դրոշմը՝ զարհուրելի բոսորը։ Սուր ցավեր, հանկարծակի գլխապտույտ, հետո հորդ արյունահոսություն մարմնով մեկ, որն ուղեկցվում էր կազմալուծությամբ — սա էր հիվանդության ընթացքը։ Մարմնի և առանձնապես դեմքի վրա հայտնվող բոսորագույն ցանը այն նզովքն էր, որը զրկում էր զոհին մտերիմների համակրանքից ու օգնությունից։ Հիվանդության բռնկվելը, զարգացումն ու ավարտը կես ժամ էլ չէր տևում։
Չնայած դրան, անվեհեր ու հնարամիտ իշխան Պրոսպերոն երջանիկ էր։ Երբ նրա տիրույթներն արդեն կիսով չափ ամայացել էին, նա իր մոտ կանչեց հազար առողջ ու անհոգ բարեկամներ՝ ի դեմս արքունիքի տիկնանց և ասպետների, և առանձնացավ նրանց հետ իր մեկուսի դղյակաձև վանատներից մեկում։ Այդ վանատունը իշխանի արտառոց, բայց վեհաշուք ճաշակի արգասիքն էր՝ փառավոր ու վիթխարի մի շինություն, որը շրջափակվում էր երկաթե դարպասներ ունեցող բարձր ու ամուր պարիսպով։ Ներս մտնելուն պես դրանիկները ծանր մուրճեր ու կրակարաններ բերին և զոդեցին պարսպի բոլոր փականները։ Դրանով նրանք վճռեցին վերացնել ամեն ելք ու մուտք՝ ինչպես դրսից հանկարծակի հուսակորույս ներխուժումը, այնպես էլ դղյակից դուրս նետվելու անմիտ մղումները կանխելու համար։ Վանատունը լի ու լի ապահովված էր պարենով։ Նման նախազգուշական միջոցների շնորհիվ պալատականները կարող էին