Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թերթի երեկոյան թողարկումը հայտնում էր, որ Սեն Ռոկ թաղամասում դեռևս շարունակվում է իրարանցումը։ Ոստիկանությունը նորից է խուզարկել շենքը և նոր հարցաքննություններ է անցկացրել, բայց ոչ մի արդյունքի չի հասել։ Լրացուցիչ հայտնվում էր, որ ձերբակալված է Լըբոնը, չնայած բացի հայտնի վկայությունից, նրան վարկաբեկող ոչ մի նոր փաստ չի բերվում։

Այս պատմությունն, ըստ երևույթին, շարժել էր Դյուպենի հետաքրքրությունը, համենայն դեպս, ես այդպես եզրակացրի, տեսնելով, որ նա ոչ մի մեկնաբանություն չի տալիս։ Բայց երբ հայտնի դարձավ Լըբոնի ձերբակալության փաստը, նա ինձ խնդրեց հայտնել գործի վերաբերյալ իմ կարծիքը։

Ես միայն կարողացա ասել, որ համամիտ եմ ամբողջ Փարիզի հետ և այդ ոճրագործությունն անլուծելի հանելուկ եմ համարում։ Ես բոլորովին չէի պատկերացնում, թե ինչպես կարելի է գտնել հանցագործին։

— Պետք չէ գործը դատել հետաքննության այս ծաղրից ելնելով,— ասաց Դյուպենը։— Փարիզյան ոստիկանությունը խորամանկ է, բայց ոչ ավելին։ Նրանց դրվատյալ խորաթափանցությունը հնարովի բան է։ Նրանք մեթոդ չունեն, եթե, իհարկե, մեթոդ չհամարենք ձեռքի տակ ընկած ամեն մի վարկածից կառչելը։ Ամեն անգամ նրանք բազմաթիվ միջոցներ են ձեռնարկում, բայց այնքան անօգնական են, որ ակամա հիշեցնում են ինձ Ժուրդենին, հիշո՞ւմ եք, երբ նա իր խալաթն է պահանջում pour mieux entendre la musique[1]:

Բավականին հաճախ նրանք բոլորին զարմացնում են իրենց հաջողություններով, բայց դա սոսկ ջանասիրության արդյունք է լինում։ Այնտեղ, ուր ջանասիրությունը բավական չէ, նրանք ոչ մի բանի չեն հասնում։ Օրինակ, ինքը Վիդոկըii կռահելու լավ ձիրք ուներ և համառ մարդ էր, բայց բոլորովին զուրկ էր համակարգված մտածելու կարողությունից։ Նա խնդիրն այնքան մոտիկից էր զննում, որ կորցնում էր հեռանկարը։ Մի երկու դրվագ հստակ պատկերացնելու գնով նա զրկվում էր ամբողջ գործն ի մի բերելու հնարավորությունից։ Չափից դուրս խորամուխ լինելը միշտ չէ, որ նպատակահարմար է լինում։ Ճշմարտությունն ամեն անգամ չէ, որ խորքում է թաղված։ Ես նույնիսկ համոզված

  1. Երաժշտությունն ավելի լավ ընկալելու համար (ֆր․)։