Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գովաբանված խորաթափանցությունը։ Նրանք շատ տարածված մի մոլորության մեջ են ընկել, անսովորը շփոթելով անկարելիի հետ։ Մինչդեռ հենց այդ, սովորականից շեղվող փաստերն են, որ մեր բանականությանն օգնում են գտնել ճշմարտությունը: Այսօրվա մեզ վիճակված հետաքննության դեպքում նպատակահարմար է հարցնել ոչ թե՝ «Ի՞նչ է պատահել», այլ՝ «Եղածներից ի՞նչը դեռ երբեք չի պատահել»։ Փաստորեն այն պարզությունը, որով ես հասնելու եմ, կամ, եթե կուզեք, արդեն հասել եմ այս առեղծվածի լուծմանը, ուղիղ համեմատական է ոստիկանության առջև ծառացած բարդություններին: Ես անխոս զարմանքով նայեցի Դյուպենին։

— Հիմա ես մի մարդու եմ սպասում,— շարունակեց նա,— որը եթե ոչ անմիջականորեն, ապա համենայն դեպս ինչ֊որ չափով նպաստել է ոճրագործությանը։ Ես կարծում եմ, որ բուն սպանությանը նա չի մասնակցել, քանի որ իմ ամբողջ վարկածը հիմնված է հենց այդ ենթադրության վրա: Այդ մարդն ուր որ է պիտի գա: Նա, իհարկե, կարող է նաև չգալ, բայց ըստ իս՝ անպայման կգա: Իսկ եթե գա, մենք ստիպված կլինենք նրան բաց չթողնել, այնպես որ, վերցրեք, խնդրում եմ, այս ատրճանակները: Եթե պետք լինի, մենք, անշուշտ, դրանք կօգտագործենք:

Ես մեքենայաբար վերցրի զենքը, առանց գիտակցելու, թե ինչ եմ անում, իսկ Դյուպենը շարունակում էր իր մենախոսությունը։ Նա նորից իմ նկարագրած վերացական տեսքն էր ընդունել և, չնայած ինձ էր դիմում և ձայնն էլ բարձր չէր, բայց խոսում էր ասես հեռվում գտնվող մի մարդու հետ: Նրա պարապ, անարտահայտիչ հայացքը հառած էր դիմացի պատին։

— Վկաները պնդում են,— շարունակեց Դյուպենը,— որ վիճող ձայները կանանցից ոչ մեկին չեն պատկանել: Ուրեմն կարելի է անտեսել այն վարկածը, ըստ որի տիկին Լեպանեն խեղդել է աղջկան, իսկ ապա ինքնասպան եղել: Ես դա նշում եմ զուտ հանուն մեթոդի պարզաբանման, որովհետև տիկին Լեպանեի ուժն ամեն դեպքում չէր պատի աղջկա դիակը ծխնելույզը խցկելու համար, և նույնիսկ այդ դեպքում նա չէր կարողանա ինքն իրեն այսպես այլանդակել։ Հետևաբար սպանությունը մի երրորդ մարդու ձեռքով է կատարվել, որին և, անկասկած, պատկանում է վիճող ձայներից մեկը: Հիմա մենք մի փոքր կշեղվենք և կփորձենք մտաբերել, թե ինչ արտասովոր բան կա վիճաբանության