պես մի մեծ մեխ էր, որը մինչև վերջ խրված էր շրջանակի անցքը։
Եթե կարծում եք, թե ես հուսախաբվեցի, ուրեմն լավ չեք ըմբռնում ինդուկտիվ մեթոդի էությունը։ Մարզիկների լեզվով ասած, ես ոչ մի տեղ չէի սայթաքել։ Շղթայի ոչ մի օղակ չէր վրիպել իմ ուշադրությունից և ես բնավ հետքը չէի կորցրել։ Ես պարզապես հասել էի գաղտնիքի կիզակետին և այդ կետը մեխն էր։ Այն շատ նման էր մյուսին, բայց այդ նմանությունը (որքան էլ որ պերճախոս էր) ոչինչ չարժեր իմ համոզվածության կողքին: «Ուրեմն սա թյուրին մեխ է»,— եզրակացրի ես։ Եվ իրոք, հազիվ էի դիպել այդ մեխին, երբ նրա գլխիկը վերևի մասի հետ պոկվեց ու մնաց իմ ձեռքում։ Մեխի մեծ մասը մնացել էր անցքի մեջ։ Կտրվածքի եզրերը ժանգոտ էին, և ես ենթադրեցի, որ մեխը կիսվել է բավական վաղուց։ Մուրճի հարվածից նրա գլխիկն իր եզրով մտել էր շրջանակի մեջ և, այն իր տեղը դնելով, տեսա, որ մեխն ամբողջական տեսք ունի և ոչ մի կասկած չի հարուցում։ Սեղմելով գաղտնի կոճակը՝ ես զգույշ բարձրացրի փեղկը. մեխի գլխիկը մնաց շրջանակի մեջ։ Երբ ես պատուհանն իջեցրի, մեխը նորից ամբողջական տեսք ստացավ:
Այսպիսով, առեղծվածի համապատասխան մասը լուծված էր՝ հանցագործը փախել էր մահճակալի սնարի մոտ գտնվող պատուհանից։ Երբ շրջանակն իջել էր (ինքն իրեն կամ փախչողի օգնությամբ), գաղտնի սողնակն այն նորից պինդ ամրացրել էր։ Ոստիկանները սողնակի կատարած դերը վերագրել էին մեխին, և այդպիսով հրաժարվել այդ ուղղությամբ մտածելուց։
Մնում էր պարզել, թե հանցագործն ինչպես է հինգերորդ հարկից իջել բակ։ Այս հարցում ինձ լիովին բավարարեց տան շուրջը կատարած մեր պտույտը։ Վերոհիշյալ պատուհանի գոգից մոտ հինգ ու կես ոտք հեռավորության վրա մի շանթարգել է անցնում, բայց դրանից պատուհանին հասնելը, էլ չեմ ասում ներս մտնելը, բոլորովին անհնար է։ Բայց ես նկատեցի, որ չորրորդ հարկի պատուհանների դրսի փեղկերը այսպես կոչված ferrades հնատիպ ձևի են, որը դեռևս բավական տարածված է Լիոնի կամ Բորդոյի մենատներում: Այդ փեղկը սովորական փայտե մի դռնակ է, որը ծածկում է ամբողջ պատուհանը և մոտ երեք ու կես ոտք լայնություն ունի։ Փեղկի վերևի մասը վանդակապատ է և շատ հարմար է նրանից ձեռքով կախվելու համար։ Երբ մենք անցնում էինք պատուհանների տակով, երկու