Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սենյակը թափանցելու հարցին։ Ուզում եմ ասել, որ երկու դեպքում էլ հանցագործը կատարել է միևնույն գործողությունը։ Այժմ անդրադառնանք ննջարանի վիճակին։ Ըստ թերթի հաղորդագրության, պահարանի դարակներից բավական բան է գողացված։ Դժվար չէ նկատել, որ այս ենթադրությունը բոլորովին անհիմն է։ Պահարանում հիմա էլ բավական հագուստ կա, և ոչ ոք չի կարող պնդել, թե այնտեղ ավելին է եղել։ Հայտնի է, որ տիկին Լեպանեն և իր դուստրը բավական փակ կյանք են վարել և հարուստ հանդերձարանի կարիք չեն ունեցել։ Գտնված հագուստներն անկասկած այդ կանանց ունեցածների շարքում վերջին տեղը չեն գրավել։ Եթե գողը հրապուրվել է կանացի հագուստով, ապա ինչու չի տարել լավագույնները կամ ընդհանրապես բոլորը։ Կարճ ասած, ինչու պիտի հանուն ինչ֊որ լաթերի իրեն զրկեր չորս հազար ֆրանկից։ Չէ որ նա իսկապես ոսկին չի վերցրել՝ մսյո Մինյոի նշած ամբողջ գումարը քսակների մեջ շպրտված էր գետնին։ Այնպես որ, եկեք հրաժարվենք դրդապատճառ փնտրելուց, քանի որ ոստիկանությունը կառչել է այդ մտքից սոսկ բանկատիրոջ վկայությունից ելնելով։ Ես կարող եմ բազմաթիվ զուգադիպություններ նշել, տասն անգամ ավելի ապշեցուցիչ, քան սպանությունից երեք օր առաջ դրամը տուն բերելը, որոնց մենք ուշադրություն անգամ չենք դարձնում։ Ընդհանրապես զուգադիպությունները հաճախ անհաղթահարելի խոչընդոտ են դառնում մտածողների որոշակի տեսակի համար, որոնք ծանոթ չեն հավանականության տեսությանը։ Այնինչ, պետք է նշել, որ այդ տեսությունը հաճախ անգնահատելի օգնական է հանդիսացել շատ ու շատ պանծալի մտախույզների համար։

Ուրիշ բան, եթե դրամն անհետանար։ Այդ դեպքում հանցագործության և դրանից երեք օր առաջ դրամը տուն բերելու միջև իսկապես ինչ֊որ կապ կհաստատվեր և կարելի կլիներ խոսել դրդապատճառի մասին։ Բայց տվյալ դեպքում դրամը ոճրագործության պատճառ համարել նշանակում է, որ հանցագործը տխմարի մեկն է եղել, քանի որ մոռանալով դրամը, մոռացել է նաև իր դրդապատճառը։

Իսկ այժմ, չմոռանալով իմ շեշտած երեք հանգամանքները, այսինքն հանցագործի արտառոց ձայնը, չտեսնված ճարպկությունը և դրդապատճառի անբացատրելիությունը, եկեք դառնանք բուն սպանության պատկերին։ Մենք կտեսնենք մի կնոջ դիակ, որին ձեռքով խեղդել և գլխիվայր խցկել են ծխնելույզի