— Կասեմ, որ ոճրագործը ցավագար մի խենթ է, որ փախել է մոտակա հոգեբուժարանից։
— Որոշ առումով դուք ճիշտ եք,— նկատեց Դյուպենը,— թեև մոռանում եք, որ ցանկացած խելագար ուզած֊չուզած պիտի մայրենի լեզու ունենա, և որ որքան էլ բորբոքված ու անկապ խոսի, միևնույնն է, վանկատված ձայներ պիտի արտաբերի։ Բացի այդ, ոչ մի խելագար չի կարող այսպիսի բուրդ ունենալ։— Այստեղ նա ինձ մի փունջ մազ պարզեց.— Ես այս փունջը հանել եմ տիկին Լեպանեի՝ հոգեվարքի մեջ սեղմված բռունցքից։ Սրա՞ն ինչ կասեք։
— Դյուպեն,— տարակուսած բացականչեցի ես,— սրանք մարդու մազեր չեն։
— Իսկ ես չեմ էլ պնդում, թե մարդու են,— նկատեց Դյուպենը,— բայց մինչև որոշակի կարծիք հայտնելը ես ձեզ խնդրում եմ նայել իմ կազմած այս գծագրին։ Ես բնական չափով արտանկարել եմ այն, ինչ ցուցմունքներում կոչվում է «կապտուկներ ու եղունգի հետքեր» օրիորդ Լեպանեի պարանոցին, իսկ բժիշկների հաշվետվության մեջ բնութագրվում որպես «մի շարք թանաքագույն քերծվածքներ ու բծեր, ըստ երևույթին՝ մատնահետքեր»:
— Ըստ նկարի,— շարունակեց Դյուպենը՝ թուղթը իմ առաջ դնելով սեղանին,— կոկորդը շատ պինդ են սեղմել։ Ձեռքը ոչ մի անգամ տեղից չի շարժվել, և ամեն մի մատը մինչև վերջ մնացել է իր տեղում։ Իսկ հիմա փորձեք ձեր զույգ ձեռքերի մատները տեղադրել համապատասխան հետքերի մեջ:
Ես փորձեցի, բայց ոչ մի արդյունքի չհասա:
— Սպասե՛ք, մենք երևի ճիշտ չենք վարվում. չէ՞ որ վիզը տափակ չէ,— միջամտեց Դյուպենը,— ավելի լավ է թուղթը փաթաթենք մարդու վզի շառավիղն ունեցող այս գլանին և փորձենք նորից։
Ես հենց այդպես էլ արի, բայց այս անգամ գործն ավելի դժվարացավ։
— Սա մարդու ձեռքի հետք չէ,— վերջապես ասացի ես։
— Իսկ այժմ,— առաջարկեց Դյուպենը,— կարդացեք Կյուվյեիi հետևյալ պարբերությունը։
Դա Օստ֊հնդկական կղզիներում բնակվող հսկայական գորշ օրանգուտանի մանրամասն կազմախոսությունն էր։ Այդ ահռելի կաթնասունները բոլորին հայտնի են իրենց վիթխարի հասակով,