Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մազերից՝ կապկելով վարսավիրի շարժումները։ Նա ածելին տարուբերել է խեղճ կնոջ դեմքի առաջ, մտադրվելով նրան սափրել: Աղջիկն ուշաթափված է եղել։ Պառավի ճիչերից ու դիմադրությունից (որի ընթացքում հենց պոկել է մազերը) կապիկի խաղաղ մտադրությունները փոխվել են կատաղության։ Մի հարվածով նա կտրել է տիկնոջ վիզը և, արյան տեսքից ավելի գազազելով, հարձակվել աղջկա վրա։ Աչքերից կրակ թափելով ու ատամները կրճտացնելով, նա կատաղի ուժով խեղդել է օրիորդին, մինչև որ վերջինս շունչը փչել է: Գազազած դեսուդեն նայելով՝ կապիկը հանկարծ սենյակի խորքում պատուհանի մեջ տեսել է տիրոջ սփրթնած դեմքը։ Հիշելով մտրակի անողոք հարվածներն ու հասկանալով, որ պատժի արժանի բան է արել, կապիկն ակամա փորձել է թաքցնել դիակները։ Նա մոլեգնած վազվզել է սենյակով մեկ, ջարդուխուրդ անելով կահույքը ու ցրիվ տալով անկողինը։ Վերջապես ճանկել է օրիորդի դիակն ու խցկել ծխնելույզը, իսկ մոր դիակն առանց երկար բարակ մտածելու պատուհանից դուրս նետել։

Նավաստին ինքն էլ չի իմացել, թե ինչպես է հայտնվել բակում, երբ տեսել է պատուհանին մոտեցող, այլանդակված դիակը շալակած կապկին։ Զարհուրելի ոճրի հետևանքներից սոսկալով, նա լեղապատառ տուն է փախել, հրաժարվելով կապիկին որսալու ամեն մի մտքից։ Սանդուղքներով բարձրացող մարդկանց լսած վեճի ձայները հենց նավաստու սարսափահար բացականչություններն ու կատաղած գազանի լփռտոցն են եղել։

Իմ կողմից ավելացնեմ, որ դուռը կոտրելուց առաջ կապիկը հասցրել էր շանթարգելով փախչել և, հավանաբար, իր ետևից իջեցրել էր պատուհանի փեղկը։

Նավաստին որոշ ժամանակ անց ինքը բռնեց փախստականին ու մեծ գնով վաճառեց կենդանաբանական այգուն։ Լըբոնին իսկույն ազատ արձակեցին, քանի որ նույն օրը մենք ներկայացել էինք ոստիկանապետին և նրան ամեն ինչ պատմել (Դյուպենն իրեն չէր զսպել ու մի երկու կծու մեկնաբանություն էր տվել)։ Չնայած իր բարյացակամ տրամադրությանը, այդ պաշտոնյան, անկասկած, հիասթափված էր գործի նման լուծումով, և մի երկու անգամ նույնիսկ ակնարկեց, թե վատ չէր լինի, եթե ամեն մարդ իր գործով զբաղվեր։

— Թող խոսի,— հետո ասաց ինձ Դյուպենը, որը բանի տեղ չէր դրել ոստիկանի այդ խոսքերը,— թող փնթփնթա, թե չէ նախանձից