Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նետել, բայց հետո միտքը փոխել էր։ Նամակի երեսին խփված էր Դ֊ի մեծ, սև դրոշմը, և այն կանացի ձեռքով հասցեագրված էր հենց իրեն, Դ֊ին։ Այն անփութորեն, ես կասեի նույնիսկ արհամարհանքով խցկված էր շարոցի վերևի բաժանմունքը։

Նամակը տեսնելուն պես ես իսկույն հասկացա, որ հենց դա էի փնտրում, թեև այն բոլորովին նման չէր ոստիկանապետի նկարագրած նամակին։ Այն Դ֊ի մեծ և սև դրոշմն էր կրում, մինչդեռ իմ փնտրած նամակը դրոշմված էր դուքս Ս֊ի փոքրիկ, կարմիր կնիքով։ Բացի այդ, այստեղ կանացի մանր ձեռագրով նշված էր մինիստրի հասցեն, այնինչ ինձ պիտի հետաքրքրեր համարձակ ու խոշոր ձեռագրով ոմն վեհապանծ անձնավորության հասցեագրված նամակը։

Սակայն ինձ հատկապես գրավեց հենց այդ արմատական հակադրության դիտավորությունը։ Բացի այդ, նամակի քնձռոտ տեսքը, որը պիտի ծառայեր նրա կատարյալ անպետքությունը վկայելու նպատակին, բոլորովին չէր համապատասխանում Դ֊ի բծախնդիր բնավորությանը։ Եթե դրան ավելացնենք նաև նամակի միտումնավոր մատչելիությունը, որը լիովին համընկնում էր իմ վարկածին, ապա պարզ է, որ այն անխուսափելիորեն պիտի խթաներ հատուկ այդ նպատակով այնտեղ եկած մարդու կասկածամտությունը։

Ես հնարավորին չափ ձգձգեցի իմ այցը և, զրուցելով մինիստրին միշտ հետաքրքրող և հուզող մի հարցի շուրջ, աշխատեցի որքան կարելի է մանրամասն մտապահել նամակի տեսքը և դիրքը։ Այդ ընթացքում ես մի հայտնաբերություն արեցի, որը վերջնականապես ցրեց իմ վերջին աննշան կասկածները։ Ես տեսա, որ նամակի եզրերը սովորականից ավելի շատ էին մաշված։ Այդպիսի տեսք է ունենում այն թուղթը, որը մի ուղղությամբ ծալելուց ու սեղմելուց հետո, շրջում և նույն գծով ծալում են հակառակ ուղղությամբ։ Ես հասկացա, որ նամակը ձեռնոցի պես շուռ էին տվելi , ապա նորից հասցեագրել ու կնքել։ Ես մինիստրին հրաժեշտ տվեցի և սեղանին թողնելով իմ ոսկյա ծխախոտատուփը, հեռացա։

Հետևյալ օրը անցա ծխախոտատուփը վերցնելու, և մենք հաճույքով վերսկսեցինք մեր նախորդ օրվա խոսակցությունը։ Հանկարծ մեր զրույցն ընդհատվեց փողոցում հնչած կրակոցից ու սարսափահար ամբոխի ճիչերից։ Դ֊ն նետվեց դեպի պատուհանը, փեղկերը բացեց և դուրս նայեց։ Այդ ընթացքում ես մոտեցա