Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանգիստ չէր՝ ամեն ինչ սամում էր գուշակում։ Ես նորից դիմեցի նավապետին, բայց նա իմ խոսքերն անուշադրության մատնեց և նույնիսկ չբարեհաճեց ինձ պատասխանել։ Անհանգստությունից քունս չէր տանում և կեսգիշերին մոտ ես նորից բարձրացա տախտակամած։ Դեռ չէի հասցրել ոտքս դնել վերջին աստիճանին, երբ արագ պտտվող ջրաղացքարերի ձայնին նմանվող բարձր ու անսովոր մի գվվոց լսեցի։ Մինչ ես կհասկանայի, թե ինչ է կատարվում, նավը սկսեց ուժգին ցնցվել։ Հաջորդ պահին փրփրած ջրի հսկա մի զանգված կողքի շպրտեց մեզ, և, տախտակամածի վրա գլորելով, սրբեց-տարավ ամեն ինչ։

Փոթորիկի կատաղի թափը շատ կողմերով փրկարար էր մեզ համար։ Չնայած նավն առաջին իսկ հարվածից սուզվեց, բայց քանի որ բոլոր կայմերը փշրվել էին, իսկույն ջրի երես ելավ և, մի պահ երերալով, նորից կայուն դիրք ընդունեց։

Չեմ կարող ասել, թե ես ինչ հրաշքով փրկվեցի կործանումից։ Ես կորցրել էի գիտակցությունս, իսկ երբ ուշքի եկա, տեսա, որ մնացել եմ ղեկի և նավակողի արանքում։ Ես մեծ դժվարությամբ վեր կացա և շշմած շուրջս նայելով, սկզբում կարծեցի, թե մենք խութերի մեջ ենք ընկել,— այնքան սոսկալի էր փրփրած օվկիանոսի մոլեգնող ջրապտույտը։ Քիչ հետո մի ձայն լսեցի։ Կանչողը ծերունի շվեդն էր, որը Բաթավիայից մեկնելու պահին միացել էր մեզ։ Ուժերս լարելով ես պատասխանեցի, և շուտով նա, օրորվելով, մոտեցավ ինձ։ Մենք բավական արագ պարզեցինք, որ նավի վրա մեզնից բացի ոչ մի կենդանի շունչ չի մնացել։ Ջուրը քշել-տարել էր տախտակամածի վրա եղած մարդկանց և լցվել էր նավախցիկները, այնպես որ, նավապետն ու իր օգնականները պիտի որ նույնպես խեղդված լինեին։ Առանց կողմնակի օգնության մենք չէինք կարող նավը փրկելու փորձ անել, բացի այդ, մանավանդ առաջին պահերին, մեր կամքը ջլատված էր շուտափույթ մահվան սպասումով։ Փոթորկի առաջին իսկ պահին մեր խարիսխը պահող պարանը, անկասկած, կոճի թելի պես կտրվել էր, այլապես մենք իսկույն խորտակված կլինեինք։ Այժմ մենք սոսկալի արագությամբ սլանում էինք դեպի ծով, և նավը մերթ ընդ մերթ ողողվում էր ջրի հզոր շիթերով։ Խելամասի հենքը հիմնովին ջախջախված էր, նավն ընդհանրապես լուրջ վնասվածքներ էր ստացել, բայց ի ուրախություն մեզ, ջրհան մխոցները չէին