Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/1

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՏԱՐԱՍ ԲՈՒԼԲԱ
I

«Դե մի շուռ արի, որդի։ Պա՛հ, տնաշեն, այդ ի՜նչ ծիծաղելին ես․․․ Այդ ի՞նչ տերտերի փարաջա եք հագել։ Եվ այդ հագուստո՞վ են բոլորը ճեմարան գնում»։

Այսպիսի խոսքերով դիմավորեց ծերունի Բուլբան իր երկու որդիներին, որոնք սովորում էին Կիևի հոգևոր դպրոցում և արդեն եկել էին տուն՝ իրենց հոր մոտ։

Որդիները հենց նոր էին ձիերից իջել։ Նրանք երկու հաղթանդամ երիտասարդներ էին, որ նորավարտ սեմինարիստների նման դեռևս շեղ էին նայում։ Նրանց առույգ և առողջ երեսներին բուսել էր առաջին աղվամազը, որին դեռ ածելի չէր դիպել։ Հոր այդպիսի ընդունելությունը խիստ շփոթեցրել էր նրանց, և նրանք անշարժ կանգնել էին՝ աչքները գետնին հառած։

«Կացե՛ք, կացեք, ես ձեզ մի լավ մտիկ անեմ,— շարունակեց հայրը, նրանց դես ու դեն շուռ տալով.— Այդ ի՞նչ երկար վերարկու է։ Համա թե վերարկու է հա՜․․․ Այդպիսի վերարկու աշխարհում դեռ չի եղել։ Դե, ձեզանից մեկը թող վազի, տեսնեմ չի՞ խճճվի նրա փեշերի մեջ և չի՞ թրմփա գետին»։

«Մի՛ ծիծաղիր, բատկո, մի՛ ծիծաղիր»,— վերջապես ասաց ավագ որդին։

«Մի սրան տես, ի՜նչ փքվածն է։ Իսկ ինչո՞ւ չպիտի ծիծաղեմ որ․․․»։

«Այնպես։ Թեև դու իմ բատկոն ես, բայց որ ծիծաղես, աստված վկա, կթակեմ»։