Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Կանգնի՛ր և մի՛ շարժվիր: Ես եմ քեզ ծնել, ե՛ս էլ կսպանեմ»,— ասաց Տարասը և մի քայլ ետ քաշվելով, ուսից հանեց հրազենը։ Քաթանի նման սպիտակ էր Անդրին, երևում էր, թե ինչպես հանդարտ մրմնջում էին շրթունքները, և նա տալիս էր ինչ-որ մեկի անունը, սակայն այդ հայրենիքի անունը չէր և ոչ էլ մոր կամ եղբայրների անունը, նա շշնջում էր չքնաղ լեհուհու անունը։ Տարասը կրակեց։

Ւնչպես ցորենի հասկի, որին կտրում է մանգաղը, ինչպես փոքր գառնուկը, որ սրտի տակ զգում է մահաբեր երկաթը, այնպես էլ նա գլուխը կախեց և ընկավ խոտերի վրա, ոչ մի բառ չասելով։

Որդեսպանը կանգ առավ և երկար ժամանակ դիտեց որդու անշունչ դիակը։ Նա գեղեցիկ էր և մահից հետո, նրա առնական դեմքը, որ նոր էր լցվել ուժով և կանանց համար անհաղթահարելի գրավչությամբ, դեռևս արտահայտում էր աննման գեղեցկություն, սև հոնքերը, ինչպես սգո թավիշ, ավելի պարզ էին ցոլացնում նրա գունատ դիմագծերը։ «Ւ՞նչ պակաս կոզակ կլիներ,— ասաց Տարասը.— և հասակը բարձր էր, և ունքերը սև, իսկ դեմքն ինչպես ազնվականի դեմք, և կռվի մեջ զորեղ էր բազուկը, բայց կորա՜վ, կորավ անպատիվ, ինչպես անարգ շու՛ն»:

«Բատկո, ի՞նչ արիր։ Այդ դո՞ւ սպանեցիր նրան»,— ասաց Օստապը, որ այդ ժամանակ մոտեցավ ձիու վրա։

«Ես, տղա՛ս»,— ասաց Տարասը՝ գլխով անելով։

Օստապը շեշտակի նայեց դիակի աչքերին։ Նա ափսոսաց եղբորը և իսկույն ավելացրեց. «Բատկո, նրա մարմինը հողին հանձնենք, ինչպես կարգն է, որպեսզի նրան չանարգեն թշնամիները, և նրա մարմինը չքրքրեն գիշատիչ թռչունները»։

«Առանց մեզ էլ կթաղեն,— ասաց Տարասը,— նրա համար կլինեն լաց լինողներ և մխիթարողներ»։

Եվ մի երկու րոպե նա մտածեց, թողնել, որ գիշատիչ գայլերը լափե՞ն նրան, թե՞ խնայել նրա ասպետական առաքինությունը, որ քաջ մարդը պարտավոր է հարգել, ո՛վ էլ որ լինի։ Այդ րոպեին նա տեսավ, որ ձիու վրա նրա կողմն է արշավում Գոլոկոպիտենկոն, «Ատամա՛ն, փորձանք է լինե