Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործադրեցին և նրանցով գոտևորեցին իրենց աղտոտած վերարկուները։ Այնուհետև երկար ժամանակ այդ վայրերում գտնում էին զապորոժցիների կարճ չիբուխները։ Նրանք ուրախ սրտով ետ վերադարձան. նրանց հետապնդում էր տաճկական տասը թնդանոթանի նավը, որ իր հրանոթների համազարկով, ինչպես թռչուններ, ցրեց նրանց խարխուլ նավակները: Նրանց մի երրորդ մասն ընկղմվեց ծովի խորքերում, բայց մյուսները նորից հավաքվեցին և հասան Դնեպրի գետաբերանը, իրենց հետ բերելով ցեխիններով լիքը լցված տասներկու տակառ։ Բայց այդ ամենն այլևս Տարասին չէր գրավում։ Նա հեռանում էր դեպի մարգերը և տափաստանը, իբրև թե որսի է գնում. սակայն նրա լիցը մնում էր անկրակել և, զենքը վայր դնելով, վշտով լցված նստում էր ծովի ափին: Այնտեղ նա երկար էր նստում և գլուխը խոնարհած միշտ մրմնջում էր. «Օստապ իմ, Օստապ իմ»:

Նրա առջև փռվել և շողում էր Սև ծովը. հեռավոր եղեգնուտում կանչում էր ուրուրը։ Նրա սպիտակ բեղն արծաթին էր տալիս, և արցունքը կաթում էր շիթ առ շիթ:

Եվ վերջապես չդիմացավ Տարասը։ «Ինչ էլ որ պատահի, պետք է գնամ տեղեկանամ՝ ո՞ղջ է նա, գերեզմանո՞ւմ, թե նույնիսկ գերեզմանում չէ: Ինչ էլ լինի, պիտի տեղեկանամ»։ Եվ մի շաբաթից հետո նա հայտնվեց Ուման քաղաքում՝ զինված, նժույգի վրա նստած, նիզակով, թրով, թամքին կապած ջրամանը, ռազմերթի թաղարով՝ մեջը խավիծ, վառոդանի գնդակներով, ձիու ոտնակապերով և այլ սարք ու կարգով։ Նա ձին քշեց ուղիղ դեպի մի անմաքուր և աղտոտ տնակ, որի փոքրիկ լուսամուտները, ո՛վ գիտե, ինչով մրոտած, հազիվ էին նշմարվում. ծխնելույզը կալնել էին փալասով, և ծակծկոտ կտուրի վրա փռվել էին ճնճղուկները։ Հենց դռների առաջ ամեն տեսակ աղբի կույտ կար։ Լուսամուտից նայում էր ջհուդի կինը՝ գլխաշորով և խավարած գոհարներով։

«Մարդդ տա՞նն է»,— հարցրեց Բուլբան ձիուց իջնելով և սանձը կապելով դռան կեռից։

«Տանն է»,– ասաց ջհուդի կինը և իսկույն ևեթ շտապեց դուրս ելնել՝ տանելով երկաթե կոնքի մեջ ձիու համար գարի և մի գավաթ գարեջուր՝ ասպետի համար։