Խորամանկ ատամանը լռեց: Կոզակների խմբերն սկսեցին իրար հետ խոսել, կուրենների ատամանները խորհրդակցում էին: Բարեբախտաբար, հարբածները քիչ էին, ուստի և որոշեցին լսել խելացի խորհրդի:
Մի քանի հոգի իսկույն ևեթ ճանապարհվեցին Դնեպրի մյուս ափը, որտեղ զորքի զինարանն էր և մթերանոցը: Ջրի տակ և եղեգների մեջ անմատչելի թաքստարաններում պահում էին զորական գանձարանը և թշնամուց խլած զենքերի մի մասը: Մնացած բոլոր կոզակները վրա վազեցին դեպի նավակները` դիտելու և սարքավորելու: Մի ակնթարթում ափը լցվեց ժողովրդի բազմությամբ: Եկան մի քանի հյուսներ` ձեռքերին կացին: Ալեհեր, արևառ, թիկնեղ ու ջլապինդ ոտքերով զապորոժցիները, ալեխառն և սևամազ բեղերով, շալվարները վեր քշտած, կանգնել էին ջրի մեջ մինչև ծնկները և պինդ պարաններով ափից քաշում էին նավակները: Ուրիշները քաշում էին պատրաստի չոր գերան և ամեն տեսակի փայտ: Մի տեղ տախտակում էին նավակը, մի այլ տեղ շուռ տված նավակը կպրում և կալնում էին խծուծով, մի տեղ նավակների կողքերից, ըստ կոզակների սովորության, կապում էին եղեգների խրձեր, որպեսզի ծովի ալիքները չխորտակեն նավակը. մի այլ տեղ և ավելի հեռու ամբողջ ափին վառել էին խարույկները և պղնձե կաթսաների մեջ նավակների համար եփում էին ձյութ: Ծերունի և փորձառու կոզակները վարժեցնում էին երիտասարդներին: Աշխատողների աղմուկը և զարկերը լսվում էին ողջ շրջակայքում: Ափը կենդանացել էր, ամեն ինչ շարժվում էր և օրորվում:
Այդ ժամանակ ափին մոտեցավ մի մեծ լաստ: Նրա վրա կանգնած մարդկանց խումբը դեռ հեռվից ճոճում էր ձեռքերը: Դրանք քրքրված վերարկուներով կոզակներ էին: Նրանց անկարգ զգեստը (շատերը մի շապիկից և ատամների մեջ պահած կարճ չիբուխից բացի ոչինչ չունեին) ցույց էր տալիս, որ նրանք կամ ազատվել էին որևէ փորձանքից և կամ թե այնքան քեֆ էին արել, որ մարմնի վրա եղած ամեն ինչը տվել էին արաղի: Նրանց միջից ջոկվեց և առաջ անցավ կարճահասակ, թիկնեղ և հիսուն տարեկան մի կոզակ: Նա բոլորից ավելի բարձր էր բղավում և ձեռքերը ճոճում օդի մեջ, սակայն