Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամենքը համբուրեցին խաչը։ Երբ շարանը շարժվեց և Սեչից դուրս եկավ, բոլոր զապորոժցիները ետ նայեցին։

«Մնաս բարո՜վ, մայր, — ասացին բոլորը համարյա միաբերան. — Թող աստված քեզ պահի, ամեն չարից ու, փորձանքից»:

Տարաս Բուլբան արվարձանով անցնելու ժամանակ տեսավ, որ յուր ջհուդ Յանկելն արդեն խփել էր վրանի նման մի ծածկոց և վաճառում էր կայծքար, փաթթոցներ, վառոդ և զորքի համար հարկավոր այլ մանրուք, որ պետք էր ճանապարհին, նաև հաց։ «Այս սատանի ձագին տես», ինքն իրեն մտածեց Տարասը և ձիու վրա մոտենալով նրան, ասաց.

«Հիմար, ինչո՞ւ ես այստեղ նստել. մի՞թե ուզում ես, որ քեզ ճնճղուկի նման հրացանով զարկեն»։

Յանկելն ի պատասխան ավելի մոտեցավ նրան և երկու ձեռքով նշան անելով, կարծես նրան ուզում էր մի գաղտնիք հաղորդել, ասաց.

«Պանը միայն թող լռի և ոչ ոքի չասի, որ կոզակների սայլաշարքի մեջ ես մի սայլակ ունեմ. ես տանում եմ կոզակների համար պետքական բաների պաշար և ճանապարհին նպարակ կվաճառեմ այնպիսի էժան գնով, որ ոչ մի ջհուդ այդպիսի գնով չի՛ վաճառել։ Աստված վկա, այդպես է, այդպես է, աստված վկա»։

Տարաս Բուլբան ուսերը վեր քաշեց, զարմացավ ջհուդների ժիր բնավորության վրա և ձին քշեց դեպի կոզակների շարանը։

V

Շուտով ահ ու սարսափ տիրեց լեհական ողջ հարավ-արևմուտքին։ Ամեն տեղ տարածվեցին լուրեր՝ «զապորոժցիները, երևացել են զապորոժցիները»։ Ով կարողանում էր ազատվել, ազատվում էր, ամեն ինչ գլուխ էր առնում և փախչում, ըստ սովորության այդ անապահով և անհանգիստ դարի, երբ չէին կառուցում ո՛չ բերդեր և ո՛չ դղյակներ, այլ մարդը մի կերպ շինում էր իր ծղնոտե օթևանը, մտածելով. «Ինչո՞ւ աշխատանք ու փող ծախսել դրա վրա, երբ, միևնույն է, իր օթևանը պիտի ոչնչանա թաթարական ասպատակներից»։