Էջ:Novellas of Erukhan.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կմախքները, որ անհայտ եղած էին աստծո պաշտոնյային երևումեն։

Օրհնեցե՛ք այս գերեզմանները, տե՛ր հայր,—ըսավ Կոպեռնիկոս էֆենդի տեր հոր աջը առնելով և գլխիկոր ու ձեռնածալ կենալով մորը տապանաքարին առջև։

Քահանան ծոցեն հանեց խաչը և ժամագիրքը, և հանգստյան աղոթքը սկսավ մեռելական տխուր եղանակավորումով մը, որ հանցապարտ վաճառականին ոսկորները սրսփացուց։

Գա զորությանց թագավորն ի նորոգել
Զարարածս ի ձայն ահեղ բարբառո
Զարթուցանե զննջեցյալն…


Մոտեն ու հեռվեն սգավորներու նվաղուն հեծեծմունքը կըլսվեին։ Ծառերուն մեջ՝ հեզասույլ հովը դամբանական խարշափ մը կպտտցներ, և մերթ, — ո՜վ տրտմալի հակասությունը մարդկային իրերուն,—ծիծաղի բեկորներ կթռչտեին շիրմե-շիրիմ, և տղաք ու կիներ կաճապարեին ճամբաներուն վրա, ինչպես տոնավաճառի մը մեջ։

Տերտերը իր ողբական թավահունչ սաղմոսերգությունը կշարունակեր, խաչը կարգավ մոտեցնելով ամեն մեկ տապանաքարին․

Ի տաճարի քում սրրության մատուցանեմք քեզ
Պսղատանս արտասվալից,պայծառացո
Տեր, գհոգիս նընջեցելոցն ընդ սուրբս քո
Եվ դասավորյա ի հավուրն այցելության…


Կոպեռնիկոս էֆենդի ինկած իր դողդողջ ծնկվըներուն վրա, կորաքամակ, կուլար։ Կուլար լռիկ, մնջիկ, իր այտերուն վրա առաջին անգամը զգալով թացությունը աղի արցունքներուն, որոնցմե հեղեղներ վազցուցեր էր՝ ատենոք՝ հոդ ամփոփված թըշվառներուն դեմքին վրա։ Իր լայնշի ուսերը կցնցվեին․ և իրոք աղեխարշ էր տեսնել այդ պատկառելի ու տարեց մարդը, որ խուլ և զսպված հեկեկանքներով կուլար, տղու մը պես, մարմարյա այդ դագաղներուն մեջտեղ։