Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զայն։ Ղուկաս աղա, հակառակ իր բարակի հոտառությանը, չէր կրնար հասկնալ այդ խորհրդավոր թուղթին պարունակությունը, ու կճենճերեր հետաքրքրության հնոցին մեջ։

— Բարով խերով չերթար ատ գերեզմաննոցը,—կմռլտար քունքին մազերը բարկությամբ տափակցնելեն։

Երրորդ իրիկունը, Կոպեռնիկոս էֆենդի — «Այս գիշեր մեկտեղ տուն երթանք,Ղուկա՛ս»—ըսավ խոժոռ ու հանդիսավոր ձայնով մը։

Միասին ելան վաճառատունեն։ Ղուկաս աղա միշտ քայլ մը հեռվեն,ըստ սովորության։

«Տունը նորեն մեռե՞լ մը կա արդյոք»,— կմտածեր ճամբան Ղուկաս աղա, որ մահվան պարագաներու միայն իր չորպաճիին տունը գացած ու գիշերած էր։—Բայց… մարդ չմնաց, ամենքն ալ ճողեցան,—կշարունակեր՝ չկրնալով հանգույցը լուծել։

Ճաշը լուռ ու մունջ անցավ։

Հետո Կոպեռնիկոս էֆենդի իր սենյակը տարավ Ղուկաս աղան, և գրասեղանի մը առջև անցնելով՝ ակնոցը դրավ և գրպանեն ծանրորեն հանեց խորհրդավոր թուղթին կտորը։

— Ղուկա՛ս,—ըսավ, գործակատարին երեսը նայելեն խորաթափանց նայվածքով մը:— ես ոճրագործ մարդ մըն եմ, գիտես, հե՞։

— Աման, էֆենդի, քավ լիցի, քեզի պես առաքինի մարդ մը, ի՞նչ կըսես,

էֆենդի,—մլավեց Ղուկաս աղա դողդողալով այս անկեղծ, ճշմարիտ և անակնկալ խոստովանության առջև։

— Ես ըսածս գիտեմ,—շարունակեց վաճառականը․ — ոճիրնիս սկսինք քավել ուրեմն…

Եվ բացավ թուղթին կտորը։

— Ղուկա՛ս,—ավելցուց,— մտիկ ըրե՛ դուն քիչ֊շատ իմ մեղսակիցս ես, իմ սիրելիներս մեկիկ-մեկիկ դուն գերեզման իջեցուցիր․ մտիկ ըրե ուրեմն, խիղճդ թող խոսի այս անգամ։

Եվ կարդաց։

«Հինգ հարյուր ոսկի կուտամ Պոլսո տասը եկեղեցիներու՝ իբրև մոմագին։