խոսակցության մը միջոցին, Օհան աղային ականջին բաներ մը փսփսաց Խաչիկ աղայի մասին։ Իբր թե այս վերջինը ըսած կըլլա Կարապետի թե՝ շատ շը մտերմանա Օհանի հետ, որովհետև կասկածելի և վտանգավոր մարդ մըն է ան։
— Ես վտանգավոր մարդ եմ մի՞, պոռաց Օհան աղա կատաղութենեն փրփրելով։
Եվ ահագին ձեռքը սեղանին զարկավ շիշեր ու գավաթներ տապալելով։
— Զավակներուդ վրա կերդնո՞ւս որ ինե իմացած ըլլալդ չհայտնես, ըսավ ուրիշ իրիկուն մը Կարապետ՝ Օհան աղային։
— Կերդնում։
— Աղեկ․ Խաչիկ աղա երեկ ինծի ըսավ քեզի համար թե պիտի սնանկանա մոտերս, և թե գործերդ շատ գեշ վիճակի մեջ են…
Օհան աղային դեմքը կաս–կարմիր եղավ․ թավ հոնքերուն տակ աչվըները արյունով լեցվեցան, կուրծքը ահեղորեն ուռեցավ և բառերը զորս ուզեց արտասանել կոկորդին մեջ խեղդվեցան։ Քանի մը րոպե ֆշշաց միայն։ Կարապետ անձկությամբ դիտեց իր զոհին այս այլակերպությունները։ Եվ շարունակեց։
— Խրատեց ալ զիս որ այլևս գործի հարաբերություն չունենամ քեզ հետ։
Այս անգամ Օհան աղային այտերը դալկահար գունատվեցան, և մեկ քանի անհաջող կաղկանձյուններ ելան կոկորդեն։
— Բայց ես կարևորություն անգամ չեմ տար անոր խոսքերուն, վերջացուր Կարապետ՝ գոհունակությամբ խմելով իր օղին։
Մեր թոհաֆճին խնամքը ունեցավ նաև նույնիմաստ վերագրումներ ընելու Օհան աղայի՝ Խաչիկ աղայի մոտ, այս վերջինին զսպված կատաղության դիմաշարժությունները լրտեսելով անոր ընդհանրապես խաղաղ ու անվրդով դեմքին վրա։
Շատ չանցած, երկու վաղեմի արհեստակիցներ, իրենց միջև ծագած թշնամության մասին առանց բառ մը փոխանակելու, խզվեցան, և իրար հետ «բարև աստծու բարինը» դադրեցուցին բոլորովին։
Իր խանութին ցուցափեղկին ետև ապաստանած, Կարապետ