Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Համբիկ ու՞ր է, չեկավ աս իրիկուն, խոսք տված էր քի շունի պես հաջեր։

Եվ շատ տխուր եղան փոքր աղջիկները այն իրիկունը։

Համբիկ հաց չկերած պառկեցավ այն գիշերը՝ իր երազներուն մեջ ընկղմելու համար։ Շատ հեղ այդպես կը պատահի, զգացում մը, որ կա մարդուս ներսիդին և իր գոյությունը շատ հայտնի չըներ, անակնկալ առթիվ մը մեկեն ի մեկ երևան կուգա՝ սաստիկ ցնցումներով որոնք ամբողջ էությունը կը դղրդեն։ Համբիկ մինչև այն օրը շվայտ զգացում մը գրեթե չէր ապրած այդքան բուռն կերպով։ Ու այն իրիկվան փորձությունը շատ գեշ ազդած էր վրան։

Ու կը մռլտար իր խշտիկին վրա երկնցած․

— Ծո, ան ի՜նչ ճիտ էր։

Սակայն, երբ առտուն արթնցավ Համբիկ, երեսը կը փողփողեր․ ժպիտ մը կերևեր շուրթերուն վրա։ Ըսավ ինքնիրեն․

— Ա՛լ աս մահալլեեն կելլամ, հոն կերթամ․ հերմ քեարը շատ կըլլա պելքի․ հե ՛մ․․․

Խոսքը ընդմիջեց, աչվըներուն մեջ շողյուն մը փայլեցավ և ձեռքը ճակտին զարնելով․

— Ծո, ան ի՞նչ ճերմակ ճիտ էր, մռլտաց։

Ըսածին պես ալ ըրավ․ նույն օրն իսկ այն փողոցին մեջ,— ուր կը գտնվեր առջի իրիկվան օրիորդին տունը, — փնտռեց ուգրտավ պարտեզի մը անկյունը, ախոռի պես փոքր խցիկ մը, ուր փոխադրեց իր հարդե անկողինը, քանի մը մանր—մունր գույքերը։

Ա՛լ այնուհետև այդ փողոցին մեջ թափառեցավ, ամենուն ցուցնելով իր ժպտուն դեմքը, ամենուն համակրանքը վաստկելու ձևեր ընելով․ հոն ալ սկսավ իր ծառայությունները ի գործ դնել, հիմակ ավելի եռանդով, ավելի աշխուժով․ գրեթե ամեն վայրկյան կանցներ կը դառնար այն տունին առջևեն որուն հրապուրիչ պարունակությունը, պատճառ եղած էր իր փոխադրության, երբեմն պատուհանը նստած կը տեսներ զայն ու գաղտագողի ակնարկով մը կը դիտեր անոր դեմքը․ մանավանդ սպիտակ ծոծրակը, որուն վրա կը սարսռային սևաթույր մազերու քանի մը