դուրս վազեց և պահ մը ետքը ներս մտավ երիտասարդի մը հետ։
Կորովի կազմով տղա մըն էր, դեռաբույս պեխերով, խռիվ խռիվ մազերով որք ծոծրակեն վեր կը բարձրանային համաչափորեն թուխ ֆես մը բռնելով դեպի ձախ ականջը ծռած։ Չուխայե լայն տափատ մը հագած էր որուն ճերմակ գոտին կերևար ծալ ծալ քիչ մը մեջքն ի վար ձգված, բան մը որ ավելի մարտական ձև մը կուտար անոր։ Բաճկոնը կարճ էր՝ թևին ու կռնակին վրա գեղեցկագույն բանվածքներով։
Այս երիտասարդը Ալիքսանն էր որ երկու երեք ամիսե ի վեր կը հաճախեր Պետիկին տունը իր դարպասն ընելու համար Աննիկին, զոր առնելու խոսք տված էր անոր ծնողքին։ Աղջիկը հաճությամբ կը տեսներ երիտասարդին այցերն ու անկեղծ սեր մը կապած էր անոր վրա։ Ալիքսանին արհեստը ձկնորսություն էր, որին մեջ կանխահաս ճարպիկություն մը ցույց տված էր։ Ծովին վրա չեղած ատեն ամեն առտու կամ իրիկուն կայցելեր «իրեն»֊ին տունը, ամեն անդամուն բան մը տանելով հետը, վասնզի դիտեր անոնց խեղճությունը։ Ծովին բիրտ կյանքովը սնած մեծցած այդ կոշտ ու անհարթ երիտասարդը զարամանալի հեզությամբ կը վարվեր Աննիկին հետ, և անոր պզտիկ քմահաճույքները կատարելու մեծ փութկոտություն ցույտ կուտար։
Ներս մտնելուն պես, ձկնորսը ակնարկ մը նետեց Աննիկին, վրա, և սոսկալի կերպով գունատվեցավ։
— Բարի լուս ձեզ, ըսավ ցած ձայնով։
Հետո հարցուր․
— Աննիկը հիվա՞նդ է։
— Չէ, պան մը չունի, փութաց ըսել Հոռոփ հանըմ, գիշերը քիչ մը կը հազար կոր։
— Նորե՞ն կը հազար կոր։
— Հա՛, իր ամեն հեղվան հազը։
Մանկամարդ աղջիկն հանկարծ ցնցվեցավ անկողնին մեջ, գլուխը վեր առավ աշխուժով ու աչվըները բանալով երբ Ալիքսանը տեսավ հոն, ամոթխածության շարժումով մը վերմակը վրան քաշեց։