Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՊՍՏԻԿ ՍԵՓԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի տապահեղձ արևին ներքև արյուն քրտինք մտած, բոբիկ ոտքերն այրած մրկած, ճերմակ շապիկին ճեղքեն՝ որ մսին փակած էր, ցուցնելով մազոտ լայն կուրծքը, որ կելևէջեր իր հև ի հև շնչառության տակ, Բերայեն հետիոտն Չըքսալըն կը դառնար միտեաճի Սերքոն, պարապ կուժը գլխուն վրա, մեկ ձեռքը մեջքին դրած։

Օգ-Մեյտանիի շիտակ սարահարթին վրայեն կը առաջանար խոշոր քայլափոխերով և ետևեն ձգելով իր խոշոր իրանին հինգապատիկ երկար ստվերը, որ կավարտեր կումին կոնաձև կիսաշրջանակովը։

Գլուխը, իր բեռին պատճառով, հավասարակշիռ գիրքի մը մեջ, դեպ առաջ կարկառած էր քիչ մը․ տեսակ մը գոհունակություն կարտահայտեր դեմքը։ Քսանհինգ տարեկան հազիվ կար, թիկնավետ էր և կորովի, չուխայե լայն ու փոթ տափատ մը հագած էր՝ ճերմակ գոտիով մը մեջքին վրա պնդված։ Խովացյալ հոծ մազերուն մեջ վերջացող հին ու մաշ ֆեսին վրայեն կապած էր կարմիր թաշկինակ մը, որուն մեկ ծայրը ականջին կդիպչեր եռանկյունաձև․իր շարժմանց մեջ ուներ ըմբշական այն արհամարհոտ հովը, որ իր դասակարգի մարդոց վրա կը նշմարվի առ հասարակ։ Այն տաժանելի կյանքը, զոր կը վարեն այս մարդիկ ծովու վրա, արևին տակ, փողոցներու մեջ, կարծես ավելի կը զորացնե, կամրապնդե անոնց ուժն ու կորովը։ Իրենց բիրտ ու կոպիտ կենսավարության մեջ անզգա երջանկություն մը կվայելեն, զոր բարձր դասակարգի մարդիկ իրենց հեշտակեցությամբն