Նավավարը ըսավ երերկտալով․
— Զավալլը Հուսեփը, հը՛մ, երեկ գիշեր աղը նետած ատեն ծովը ինկեր է, մինչև քի ազատեր են նե, խեղդվեր է. յա՜, աս զենաաթին սոնը աս է, հատե՛ մի՛ լար, դուն ալ մեխկ էս։
Ու վերմակը գլխուն քաշելով սկսավ քնանալ։
Հեք Սուրբիկ, կես ժամ անընդհատ լացավ ծովամույնին սնարին վերևը, ցած հեծկլտուքներով։
Հետո ծռեցավ. կամաց մը համբուրեց Հուսեփին սառ շուրթերը, որոնք տժգունած էին, առավ սենյակին անկյունեն ծրար մը, ուր կը գտնվեին խեղճ ձկնորսին առջի օրը պատռտած աղտոտները, դուրս ելավ, խցիկը գնաց, ջրալից թակույկին առջև անցավ, և սկսավ լվալ, կատաղի շարժումներով, մատներովը մոլեգնորեն պատռտելով շապիկը, ծվիկ ծվիկ ընելով, կտորներ քաշելով հանելով երբեմն, օճառի փրփուրներուն, ջրի ցայտերուն մեջ, որք դուրս կը թափեին թակույկեն։
Հետո ժողվեց այդ բզկտած լաթերը, պարտեզ տարավ, չվաններուն վրա փռեց, արևին մեջ, և ինքն ալ անոնց դիմացը նստավ։
Հեք լվացարարուհին, մերթ խնդաց, մերթ լացավ, մերթ հեծեծեց, մերթ քրքջեց։