Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժողովարա՞նը, հապա․․․ պեխե՞րդ, ի՞նչ եղան պեխերդ, Մարտիրո՛ս աղա, ան փառավոր պեխերդ։

Մարտիրոս աղա մեքենաբար ձեռքը պեխերուն տարավ և լալագին ձայնով մը՝

— Թափեցան,—ողբաց։

Եվ ա՛լ դեմս նստավ։ Հառաչեց։ Օղիես հատ մը լեցուց խմեց, ու սրբելե հետո իր ավերակ պեխը, ըսավ տրտմալի եղանակով մը․

— Երկու տարի առաջ, չեմ գիտեր ինչո՛ւ, պեխերս թափիլ սկսան․ օր եղավ որ հարյուր թելը մեկտեղ ինկան։ Դեղ, բժիշկ, մեկ փարա չըրավ․ ավուճով դրամ ծախսեցի։ Թափեցան, թափեցան շարունակ․ ջղային եղա, հիվընդցա․ կվախնայի ձեռքս պեխերուս տանելու․ նիհարցա, գիշերները սկսա չքնանալ․ ժողովարանը աղոթած միջոցիս ժողովուրդը սկսավ խնդալ վրաս․ փողոցեն անցած ատենս, չարաճճի տղաքները «պատվելիին բըյըխները կթափին կոր» կպոռային․ դուրս ելլել չէի ուզեր․ չկրցա գործս շարունակել․ Պորտ ընկերության ներկայացուցիչն ալ կամաց մը հասկըցուց, որ պեխերուս այդ վիճակին մեջ չէի կրնար պաշտոնս շարունակել․ ուզած-չուզած հրաժարեցա։ Անոթի օրեր անցուցինք․ Սուլթան Համիտը տունս-տեղս կողոպտեց՝ հոգս չեղավ․ պեխերս թափեցան՝ տունս կործանվեցավ։ Ի՞նչ ընեի, դուռնե-դուռ, լեռնե-լեռ ինկա, և վերջապես հոս հասա. քանի մը բարի մարդիկ գթացին վրաս․ կինս, զավակներս անգին մնացին, ու չեմ գիտեր, թե ինչ եղան, ու ես հոս կաշխատիմ գիշեր-ցերեկ ապրուստի մը փոխարեն․․․

Պատվելին գլուխը ծռեց, ու տեսա, որ քանի մը խոշոր արցունքներ թավալեցան ինկան իր այտերուն ու շրթունքներուն վրա, հոն, ուր ժամանակին աշխարհիս ամենեն փառավոր պեխերը կհանգչեին․․․