Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջին դարերում նախարարական հին տների փոխարեն երևան եկան մելիքները, որոնց իշխանությունը ավելի կանոնավոր ձև ստացան Շահ֊Աբաս մեծի օրերից (1603)։ Պարսից այդ աշխարհաշեն թագավորը, որի քաղաքական հայացքները օտարազգիների վերաբերությամբ բոլորովին տարբեր էին իր նախորդներից, ավելի բարվոք էր համարում իր հպատակ այլասեռ ժողովուրդներին կառավարել հենց իրանց ներկայացուցիչների ձեռքով և դրանով ամրացնել ամբողջ պետության մեջ համերաշխության կապերը։ Նա առաջինը եղավ, որ հաստատեց հայոց իշխանների «մելիք»[1] տիտղոսը, որ կրում էին ավելի հին ժամանակներից։ Դրանով Շահ-Աբասը կամեցավ վարձատրել այն մեծ ծառայությունը[2], որ հայոց մելիքները կատարեցին նրա՝ օսմանցիների դեմ ունեցած հաղթությունների մեջ։

Մելիքների իշխանությունը տևեց շատ երկար, իսկ Անդրկովկասում, մինչև ռուսների տիրապետության օրերը։ Ես պիտի խոսեմ այդ իշխանություններից միայն մի խմբի վրա, որը ընդհանուր անունով կոչվում էր Խամսայի մելիքություններ[3]:

Խամսայի մելիքությունները բաղկանում էին հինգ փոքրիկ գավառներից, որոնք միմյանց սահմանակից լինելով, կազմում էին մի ամբողջ նահանգ, որը այժմ կոչվում է Ղարաբաղ, իսկ մեր պատմության մեջ հայտնի է Արցախ կամ Փոքր-Սյունիք անունով։ Դա ավելի հին ժամանակներում Աղվանից աշխարհի մի մասն էր ներկայացնում։

Հիշյալ հինգ գավառները հետևյալներն են.

1) Գյուլիստան կամ Թալիշ, որ սկսվում է Քյուրակ-Չայ գետից. այսինքն` Գատնձակի սահմաններից և տարածվում է մինչև Թարթար գետը։

2) Ջրաբերդ կամ Չարաբերդ, որ սկսվում է Թարթար գետից և տարածվում է մինչև Խաչենի գետը։

3)Խաչեն, որը սկսվում է նույն անունով գետից և տարածվում է մինչև Բալլու-Չայ գետը։

4) Վարանդա, որը սկսվում է այդ գետից և տարածվում է մինչև Դիզափայտի լեռնային գոտին։

  1. Մելիք կամ մալիք նշ. իշխող, տիրապետող, այլև արքա
  2. Սյունյաց աշխարհի հայոց մելիքները և Էջմիածնի կաթողիկոսը մի քանի եպիսկոպոսների հետ, օսմանցիների լծից ազատվելու համար, իրանք դիմեցին Սպահան և հրավիրեցին Շահ Աբասին Հայաստանը տիրելու համար։
  3. Խամսա արաբերեն նշ. հինգ, իսկ խամսայի մելիքություններ նշ. հինգ մելիքություններ