Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղոթքներից, երգերից և այլ ասմունքներից շատերը։ Այդ պատճառով, շատ անգամ, քահանան պատրաստ չեղած ժամանակ նա էր օրհնում ժամը «Հայր մեր» և ուրիշ աղոթքներ ասում, այլև սուրբ Ավետարան կարդում, դրա համար ծերունի Մկրտիչը ստացավ «կես տերտեր» մականունը։

Այդ բոլորը թեպետ խիստ ծանր էր եկեղեցականներին, բայց նա ամենևին ուշադրություն չէր դարձնում նրանց տրտունջին, այլ սիրով շարունակում էր կատարել աստուծո տան սպասվորոլթյունը։

Ծերունի Մկրտչի, որպես մի սնահավատ և մոլեռանդ հայի — ո՛չ միայն տարապայման բնավորությունը, առաքինի բարք ու վարքը արժանի էին հարցասիրության, այլև՝ նրա հագուստը առավել գրավում է մեր ուշադրությունը յուր խորհրդական ձևով։ Այդ հագուստը կարող էր ճիշտ օրինակ տալ մեր պապերի հին զգեստաձևերի, որոնց վրա մի ասեղի չափ չէ ներգործել «մոդան»: Նրա գրպաններում, ծոցում և գդակի մեջ կարելի էր գտնել ամենայն ինչ, որ այնքան հին տարիներից մեծ զգուշությամբ պահվում էր որպես սրբություն։ Նրա ամենասիրելի կինը անգամ չէր կարող ձեռնամերձ լինել նրա հագուստի ուխտյալ պահարաններին, որոնց մեջ գտնվում էին-մոմի կիսավառ կտորներ, մի նշանավոր վանքից նրան ուղարկված նշխարքի պատառներ, օրհնության թղթեր, սուրբերի փոքրիկ պատկերներ, զանազան խաչեր պղնձից և սադաֆից։ Այլև նա յուր գդակի մեջ, գլխի վրա պահում էր չորս մատնաչափ լայնությամբ և երեք անգամ յուր հասակի երկայնությամբ մի մագաղաթի վրա գրվածք, որին անուն է տալիս «ճառ»: Նրա վրա զանազան փայլուն ներկերով նկարված են հրեշտակապետների — սերովբեք և քերովբեքի և սուրբերի պատկերներ, ամեն մինի ներքև մի աղոթք նույն սուրբի անունով, որ վերջանում էր հետևյալ խոսքերով․- «Եվ եղիցիս պահապան ծառայիս աստուծոյ Մկրտչին և կողակցի նորին Մարթային»։ Սնապաշտ մարդիկ պատմում են, որ այդ հաստ մագաղաթի փաթոթը, ծուխի և մուխի մեջ սևացած, քրտինքի մեջ եղոտած, ցեցակեր եղած շատ անգամ, տեսել են, որ նա մութ տեղում լույս էր տալիս, և զարհուրելի ձայներով մեկ տեղից դեպի մյուսը թռչկոտում։ Ուրիշ ի՜նչ բաներ չէր կարելի գտնել այդ մարդու հագուստի գաղտնածածուկ ծալվածքի մեջ։ Նրա «արխալուղի» աջ թևի ներսի կողմից, «ղադաքի» մեջ, եռանկյունի ձևով միմյանց մոտ կարած են զանազան փոքրիկ և մեծ «փթիկներ» գրված անհասկանալի նշանագրերով։

Միևնույն բնավորությունն ուներ և նրա կինը, պառավ Մարթան,