Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԺԲ

ՄՈԳՊԵՏԸ

Նվիրական կրակները արդեն մարել էին բոլոր կտուրների վրա, բայց նրանց փոխարեն լույս էին տալիս բյուրավոր ճրագներ։ Այլևս լսելի չէին լինում հրձիգ գործիքների որոտը, շառաչուկների ճարճատյունը, ո՛չ էլ մարդկանց կատաղի աղաղակները։ Բայց գիշերային խորին լռությունը կենդանացնում էին երգերի և նվագարանների հիանալի ձայներ, որ լսելի էին լինում տանիքների վրա դրված խնջույքներից։

Տիկին Թարլանը յուր խնամիի հետ տակավին տանիքից ցած չէր իջել. նրանք անհամբեր սպասում էին քահանային, որ գար կրակը օրհներ, այնուհետև ամեն ինչ կվերջանար։

Հանկարծ հայտնվեց նա։

Ծերունի տեր Մարուքը, նույն ավուր տոնի իմաստուն մոգպետը, Հովասաբենց տոհմի ծխատեր քահանան, իրան վիճակված ժողովրդի հարուստների կրակը առաջ օրհնելով և նրանց տյառընդառաջը շնորհավորելով՝ հերթը ստորին ժողովրդին հասնելով՝ մտաբերեց Հովասաբենց տունը։ Նրա տիրացուն, որ յուր երեց որդին էր, շիջած բուրվառը ձեռքին քարշ գցած — հետևում էր հորը։ Եթե մինը կամենար գինեմոլի մի պատկեր՝ յուր անճոռնի և այլանդակ կերպարանքով, մի այլ ավելի հարմար օրինակ չէր գտնի, բացի այդ մի զույգ հայր ու որդուց։ Տերտերը, գլուխը երերելով, գլորվելով պատերին և ցեխերին երկրպագություն տալով, յուր փիլոնը կիսաքարշ գետնից տանելով, փառաջայի դրոշակները աղբերի և ցեխերի մեջ աղտոտած, գդակի վրա մի կույտ հող ու մոխիր, աչքերը կարմրած, երեսը թոթշնած, որպես մի կատաղած արջ կամ քավթառ — վայրենի կերպարանքով, հազիվհազ բռնելով յուր դողդոջուն իրանը երկու ցեխոտ ոտների վրա — մոտեցավ, կանգնեց կրակի մոտ։ Նրա որդին ավելի վատթար դրության մեջն էր։ Ի՞նչ մեղ ունին նրանք...։ Ի՞նչ անեն, որ չհարբեն. այդ երեկո ամենաքիչը հարյուր տուն էին ման եկել կրակ օրհնելու համար, և ամեն տեղ մեծարել էին քահանային օրհնյալ ըմպելիքով։ Եթե տեր Մարուքը ամեն մի տան մեջ, չափավորություն պահելով կես-կես բաժակ անգամ խմած լիներ — հիսուն բաժակի գումարը ո՞ւմ չէր հարբեցնի։ Բայց նա, եթե կներե մեզ տերտերը ճշմարիտն ասելու՝ ամեն տան մեջ հետ չէր մնում չորս-հինգ բաժակից։ Ի՞նչ անե տեր Մարուքը. ո՞ւմ սիրտը