Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ նրանք տեղափոխվեցան մյուս սենյակը, տեր Մարկոսը, ազատվելով յուր հակառակորդի ձեռքից, և կամենալով ավելի ոգևորել Հուրի Խան-Դայայի ջերմեռանդությունը սուրբ հաղորդության համար, ասաց.

— Դուք այժմ բավական հասկացաք, թե ինչ էր Քրիստոսի աշխարհ գալու խորհուրդը։ Բայը մնաց մի բան էլ ձեզ հասկացնելու, որ տերն մեր Հիսուս Քրիստոս, յուր աշխարհ գալով և մարդու կերպարանք ընդունելով, ո՛չ միայն ջնջեց Ադամա ձեռագիրը և ազատեց մեր հոգիները սատանայի իշխանությունից, ա՛յլև կենդանացրեց հոգիները, յուր սուրբ մարմինը և սուրբ արյունը կերակուր և ըմպելի տալով նրանց, որ և մենք՝ քահանայքս, կատարում ենք սուրբ պատարագի խորհրդով, հացի և գինու օրինակներով, որոնք, թեպետ ձեր— աշխարհականներիդ աչքին անտեսանելի են՝ բայց մենք՝ քահանայքս— տեսնում ենք՝ որ սկիհի մեջ ճշմարտությամբ փոխվում են միս և արյունի...։

Այդ միջոցին Ռես Վասակյանը անդադար խաչակնքում էր յուր երեսը, աղոթք կարդում, «փառք քեզ Քրիստոս, աստված մեր, փառք քո սքանչելիքներին», ասում էր նա կեղծավորաբար։

Հուրի Խան-Դայան խնդրեց, որ ավելի պարզ կերպով մեկնաբանե նրան սուրբ հաղորդության խորհուրդը։

— Օրհնած, ի՞նչ անհասկանալի բան կա իմ ասածներիս մեջ։ Մարդ ասածդ բաղկանում է երկու բանից— մարմնից և հոգուց։ Մարմինը ա՛յն է, որ մենք տեսնում ենք. ունի ձեռք, ոտք, գլուխ, և այլն, խոսում է, շարժվում է, գործում է, ապրում է, և յուր կենդանությունը պահպանելու համար, կարոտ է կերակուրների — հացի և ջրի։ Բայց հոգին՝ մի լուսեղեն էակ է, որ ավելի նմանություն ունի աղավնիի, և դրած է մարդու սրտի մեջ որպես մեկ թռչուն վանդակի մեջ։ Ձեռքդ դիր սրտիդ վրա, շոշափիր կուրծքդ, իսկույն զգալու ես, թե որպես անդադար թրթռում է նա. այդ նրա հանապազօրյա սաղմոսերգությունն է, փառաբանությունն է աստծուն, որ կատարում է ծնրադրությամբ և երկրպագությամբ։ Որպես ասացի, մեր մարմինը կարոտ է կերակուրի, հոգին նո՛ւյնպես այդ կարիքն ունի։ Դրա համար տերն մեր Հիսուս Քրիստոս սահմանեց սուրբ հաղորդության խորհուրդը, յուր մարմինը կերակուր՝ և յուր արյունը՝ ըմպելի բաշխելով մեր հոգիներին։ Յուրաքանչյուր տարի մի քանի անգամ սուրբ հաղորդություն ընդունելը՝ բավական է հոգին միշտ կուշտ պահելու համար։