կրկին տեր կլինիք ձեր կորուսած ժառանգություններին միայն մի քանի պայմաններով։
Տիկին Թարլանը կարծես թե երազի մեջ էր, չէր հավատում յուր ականջներին, նրա շնչառությունը ուրախությունից խեղդվում էր։
— Աստված է ուղարկել քեզ, Ռես, մխիթարելու խեղճ այրին,— ասաց նա ուրախությամբ համբուրելով պարոն Վասակյանի ձեռքերը։
— Ես ասացի ձեզ, թե դուք տեր կլինիք ձեր կորուսած ժառանգություններին, միայն մի քանի պայմաններով,— շարունակեց Ռեսը անվրդով եղանակով։— Այժմ հարկավոր է ձեզ, պատվելի տիկին, դիտել թե ի՛նչ պայմաններ էին դրանք։ Մի մեծահոգի տղամարդ իմ բարեխոսությամբ հանձն է առել բարերարել ձեզ, վճարելով Միրզա-Ֆաթալիին ձեր մի հազար թումանի պարտքը, հետ առնելով գրավներն և դարձնելով նրանք ձեզ բոլորովին ձրիաբար։ Առաջին որ դուք խոստանայիք տալ նրան կնության ձեր աղջիկը, երկրորդ, որ իմ այս ծառայության փոխարեն վարձատրեք արծաթով։
— Կարելի՞ է գիտենալ այդ բարերարի անունը,— հարցրուց տիկին Թարլանը։
— Մելիք Պիլատոսի որդին, Սոլոմոն-բեկը։
Քիչ էր մնում տիկին Թարլանը խելքից գնար, լսելով այդ փառավոր անունը։
— Իմ աղջիկը ոչ թե արժան է լինել Սոլոմոն-բեկի կինը, այլ նրա տան մեջ մինը ստորին աղախիններից։ Այդ աստծո շնորհն է, ես անարժան եմ մի այդքան բախտավորության...։ Բայց դուք, որ ձեր բարեսրտությամբ պատճառ եք եղել իմ և իմ աղջկա բախտավորությանը, ձեզ ես իմ հոգին տալու լինիմ դեռ սակավ է... իհարկե, ձեզ առանց վարձատրության չեմ թողնելու։
— Դուք հայտնեցեք, թե ի՞նչ կամիք տալ։
— Ես ամենայն խնայողությամբ իմ վաստակներից ավելացրել եմ մի հարյուր թուման փող, որ միտք ունեի Երուսաղեմ ուղարկելու, այդ գումարը քեզ կուտամ, եթե դրանից ավելի ունենամ և չտամ թող Հուդայի արծաթ լինի։
Պարոն Վասակյանը ոտքի ելավ։
— Այժմ ի՞նչ հույսով գնում եմ ես,— հարցրուց նա։
— Դու բոլորովին միամիտ կացեք, թե ձեր մի հարյուր թումանի մասին և թե իմ աղջկա մասին։ Միայն աշխատիր, որքան կարելի է, մենք շուտով դուրս գանք այդ անտանելի բնակությունից,— կրկնեց տիկին Թարլանը։