Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շրթունքը հպեցնել օրիորդի նույն րոպեին գունատված թշերին։

Հանկարծ, կատվի արագությամբ, սրընթաց որպես եղջերու, օրիորդը դուրս պրծավ իշխանի որդու գրկից և վազեց սենյակի մյուս ծայրը։ Նա արդեն յուր ձեռքում ուներ օմելարի կեռ խենջարը, որ դուրս քաշեց իշխանի որդու գոտիից։ Օրիորդի սևորակ աչքերը վառվեցան սարսափելի կրակով։ Նա խիստ զգալի ձայնով գոչեց.

— Մա՛հը կազատե ինձ քո ձեռքեն...

Եվ օրիորդը խրեց յուր փափուկ կրծքի մեջ մահառիթ խենջարր։

Նա թավալվեցավ գետնի վրա։ Տաք արյունը առվակի նման սկսեց հոսել նրա կրծքեն։

Իշխանորդին, սառած արձանի նման, երկար կանգնած նայում էր յուր զարհուրելի զոհի վրա: Նա կատաղաբար փետեց գլխի մազերը և գոչեց.

— Նա մեռա՜վ...

Նույն գիշերում քաղաքի բաղնիքների խողովակների (կլոակ) մինի մեջ ձգեցին արյունով ներկված մի դիակ։

Այդ անբախտ Վարթիկի մարմինն էր...: