Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամառանոցներից ամենքն էլ վերադարձել էին քաղաք: Օրիորդ Սոֆին յուր մոր հետ նույնպես ամբողջ շաբաթ կլիներ, որ եկել էին Կոջորից։

Օրիորդը քանի օր էր անձկանոք սպասում էր Արամյանին, բայց տակավին նա չէր երևում Հացի-Գելենց մոտ։ Վերջին օրերում նա հրամայեց չընդունել Դիաշկովին, երբ քաղաք գնալուց հետո նա իմացավ, որ խաբեբա ստուդենտը ամուրի մարդ չէ եղած, ինչպես նա հավատացրել էր, այլ ունեցել է կին։ Բայց վերադառնալով ամառանոցից, նա իրանց տան ներքին հարկի կեցողների թվում գտավ մի նոր մարդ, ազգով ռուս, նորահաս օֆիցեր, բարակ, բարձր հասակով և բավական ախորժելի դեմքով։ Մանուկ օֆիցերն առաջին օրից գրավեց օրիորդի ուշադրությունը։

Օրիորդը երկար սպասելով Արամյանին, վերջապես նրա համբերությունը հատավ և ստուգելով, որ նա կենում է գերմանացոց գաղթարանում, մի օր վաղ առավոտյան կառք նստեց և գնաց դեպի այն կողմը։ Ճանապարհին նա երևակայում էր այն բոլոր հիացումները, հրճվանքները և սիրախոսական զգացմունքները, որոնցով կարծում էր, թե Արամյանը կհանդիպեր իրան։ Նա մտածում էր, թե ինքը կերթա նրա մոտ, նախ և առաջ իրան կձևացնե խռոված, թե ինչո՛ւ Արամյանը այսքան ժամանակ իրան այցելության չեկավ։ Այնուհետև Արամյանը կչոքե յուր առջև, ներողություն կխնդրե, ինքը կժպտա և կհամբուրե նրան. էլ ի՜նչ ասես, որ չէր մտածում օրիորդ Սոֆին...

Այդպիսի խորհրդածությունների մեջ նա աննկատելի կերպով անցավ Գոլովինսկի պրոսպեկտը, Ալեքսանդրյան այգին, Վորոնցովի արձանը, գերմանացոց գաղթարանը և հասավ Մուշտայիդ։ Այստեղ կառավարը սթափեցրեց նրան յուր մտավոր խռովությունի՝ հարցնելով.

— Ո՞ր կողմ կհրամայեք գնալ։

Օրիորդը նկատելով, որ բավական անցել է Արամյանի կացարանից, հրամայեց ուղղել կառքը դեպի մեր ընթերցողին նախածանոթ գերմանացու տուն, ուր բնակվում էր Քաջբերունին, որ առաջին անգամ ծանոթացանք Արամյանի հետ, երբ նա եկել էր այցելության յուր ընկերոջը։

Օրիորդ Սոֆին ամենևին չհրամայեց իմացում տալ յուր մասին, այլ համարձակ ներս մտավ և գտավ Արամյանին միայնակ նստած գրելիս