Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թույլ էին տալիս մեզ, որ գոնե մեր բաժանման վերջին րոպեներում խոսեինք, երկար խոսեինք միմյանց հետ։

Երբ աքաղաղները երկրորդ անգամ սկսեցին կանչել, այդ միջոցին ներս մտավ Սաոայի հայրը։

— Զավակս,— ասաց նա դառնալով դեպի ինձ,— ճանապարհ ընկնելու ժամանակ է։

Սառան այլևս չկարողացավ դիմանալ, թաշկինակով աչքերը բռնեց և դուրս եկավ սենյակից։ Հոր ներկայությամբ պարկեշտության կանոնները չէին ներում նրան ոչ ուրախանալ և ոչ լաց լինել սիրած տղամարդի համար։

Ես ապշած մնացի. չգիտեի ի՛նչ անել։

— Ճանապարհ ընկնելու ժամանակ է, — կրկնեց Սառայի հայրը։

— Այսպես վա՞ղ,— հարցրի ես մեքենայաբար։

— Դեռևս ուշ է,— պատասխանեց նա։— Դու այնպիսի ժամանակ պետք է ճանապարհ ընկնես, որ բոլոր գյուղացիները քնած լինեն, որ ոչ ոք քեզ չտեսնե։

Ես շուտով հագնվեցա և դուրս եկա այն սենյակը, ուր մայրս և քույրերս սպասում էին ինձ։ Այնտեղ եկավ և Սառայի հայրը։ — Ախ, երանի թե գիտենայի, այսօր ինչպիսի օր է,— հարցրեց մայրս։

— Բարի է,— պատասխանեց Սառայի հայրը։— Տերտերիդ հարցրի, էֆեմերդիին մտիկ տվեց, ասաց բարի է, ճանապարհ գնալու համար, նոր հագուստ ձևել տալու համար, երակներից արյուն բաց թողնելու համար և այլն։

Տեր հոր գուշակությունը բավական մխիթարեց մորս։ Նա մի ամբողջ շաբաթ զբաղված էր իմ ճանապարհի պատրաստություններով և սպասում էր մի բարի րոպեի, որ ես ոտքս դուրս դնեի հայրենական տնից։

Ոստիկանության ֆերրաշները, սարվազները մեր տանը ոչինչ չէին թողել, բոլորը կողոպտել, բոլորը տարել էին։ Մնացել էր մի կով միայն, որի վրա մեր ընտանիքը դրել էր յուր ապրուստի հույսը։ Այդ կովը ևս մայրս վաճառել էր տվել և ինձ համար գնել էր մի ավանակ, որպեսզի ես ոտքով չճանապարհորդեմ, որպեսզի ես ճանապարհին չհոգնեմ։ Թանկագին մայր. տակավին ո՜րքան սեր, ո՜րքան գութ էր մնացել նրա սրտում դեպի անառակ, դեպի մոլորյալ որդին...

Կարգադրված էր, որ ես աոանձին պետք է գյուղից դուրս գայի և մի նշանակյալ տեղում միանայի քավոր Պետրոսի հետ։ Այդ