Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/607

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո ներս մտավ և նույն օրիորդը։ Այդ Նենեն էր, ի՛սկ և իսկ Նենեն։

Այժմ ես իմ կատարյալ դերի մեջն էի, ոչ իբրև կեղծ խելագար, այլ իսկապես ինձ տիրեց մի տեսակ խելագարություն։ Ես մոռացա բոլոր այն պայմանները, որով նա սկզբից նախազգուշացրել էր ինձ։ Ես ամեն բան մոռացա և միայն տեսնում եմ իմ առջև սիրելի աղջկան, որին նվիրել էի իմ սրտի ամենաջերմ զգացմունքները,— տեսնում էի, և կատաղությունը տիրում էր ինձ, թե ինչո՞ւ ես չէի կարող գրկել նրան, ինչո՞ւ չէի կարող ասել. «ահա մենք դարձյալ գտանք միմյանց, ապրե՛նք միասին և կյանք վայելենք»...։ Եթե առաջվա ուժս կորցրած չլինեի, ես անպատճառ կկտրատեի այն շղթաները, որոնցով կապված էին իմ ձեռքերն ու ոտները, և նրան կսեղմեի իմ կուրծքին, ասելով, «մենք այլևս չենք բաժանվի միմյանցից»...։ Բայց ես միայն գոռում էի, գոչում էի, աղաչում էի արձակել ինձ, սպառնալիքներ էի կարգում, այս կողմ ու այն կողմ էի նետվում, խնդրում էի Նենեից, որ գոնե ինքը մոտենա ինձ։ Նա քաշվեցավ դեպի դուռը, ասելով.

— Խղճալի դրությունը ամենևին չէ փոխվել...։

— Նա միայն ձեզ տեսնելու ժամանակ այսպես անհանգիստ է լինում...,— նկատեց ծերունի սպասավորը։

— Այդ իրավ է...,— պատասխանեց օրիորդը առանց շփոթվելու,— Խելագարները զանազան տեսակ ցնորքներ ունեն, դա երևի, իմ մեջ գտնում է նմանություն մի որևիցե կնոջ, որի հետ կապեր է ունեցել։

— Ճմարիտ է, խելագարները զանազան տեսակ ցնորքներ ունեն,— համաձայնվեցավ ծերունի սպասավորը։— Մենք ունենք մեկը, որը ամեն անգամ ինձ տեսնելիս հարձակվում է իմ վրա, որ կտրատե ինձ։ Մյուս սպասավորները նրա մոտ մտնելու ժամանակ հանգիստ է։ Նա միշտ երևակայում է մի ինչ-որ ընկերին, որ նրան մատնել է, և իմ մեջ նրա նմանությունն է գտնում։

Օրիորդը կռացավ և հազիվ լսելի ձայնով ասաց ծերունու ականջին.

— Տեսեք, եթե ես այժմ երեսս ծածկեմ և մոտենամ նրան, նա այլևս ոչինչ չի անի։

Ես, իրավ որ, այժմ հանգիստ էի, հասկանում էի նրա դիտավորությունը, հասկանում էի, որ իմ անխոհեմ վարմունքով մատնում էի նրան։ Նա երեսի քողը ցած ձգեց և կամաց մոտեցավ փոքրիկ սեղանին, որ դրած էր իմ գլխի մոտ։ Նրա վրա մի ամանի մեջ