Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղի քահանան, կնքահայրը և տատմերը, որ վաղուց մեռած էր։

Լալան — մենք այսուհետև երբեմն իր իսկական անունով պետք է կոչենք Ստեփանիկին — այժմ տասն և վեց տարեկան էր․ մի հասակ, որի մեջ մտնելուց հետո գյուղացի աղջկան երկար տանը չեն պահում։ Հայրը մտածում էր նրան մարդու տալ։ Բայց դժվարությունը նրանումն էր, որ Լալան իբրև տղա ճանաչված լինելով, իհարկե, ոչ ոք չէր խնդրելու նրա ձեռքը։ Բացի դրանից, հայրը ցանկանում էր, որ իր փեսան մի օտարերկրացի լինի, որ առնե, տանե և հեռացնե իր աղջկան, որպեսզի իր երկրում, իր ծանոթների մեջ չհայտնվի հոր գործ դրած խորամանկությունը Լալայի պահպանության մասին, թեև այդ երկրում այդ մի սովորական բան էր։ Բայց ո՜րտեղից պետք էր գտնել այդ պայմաններին հարմար մի մարդ Լալայի համար։

Հայրը աչք ուներ մի պարոնի վրա, որ իրան կոչում էր Թոմաս էֆենդի,— մի շատախոս, խաբեբա, կարճլիկ, կլորիկ մարդ, որ բացի մարդից ամեն բանի նման էր։ Ո՞րտեղացի էր նա, հայտնի չէր, բայց իր ասելով, պոլսեցի էր և այնտեղ ամիրա ազգականներ ուներ։ Լալայի եղբայրները սաստիկ ատում էին այդ հրեշին, ոչ թե այն պատճառով, որ նա չափազանց այլանդակ դեմք ուներ, այլ առավել նրա համար, որ սաստիկ ժանտ և անգութ մարդ էր։ Նա բոլորովին իրան հեռու էր պահում հայ հասարակությունից, խոսում էր միշտ թուրքերեն, և միշտ ընկած էր մուդիրների, գայմագամների և քուրդ բեկերի մոտ։ Նրանց անունով գյուղացի հայերին սպառնալիքներ էր կարդում և նրանց անունով պարծենում էր։ Թոմաս էֆենդին արքունի մալթեզիմ էր, այսինքն՝ արքունի հարկերի և հասույթների կապալառու։

Մուլթեզիմը նույն նշանակությունը ունի գյուղացու համար, որպես հոգեհան հրեշտակը, դև, սատանան մի անհավատի համար,— և որպես այն բաները, որոնցից դողում է, սարսափում է գյուղացին։ Բայց ինչ բանից ավելի վախենում է գյուղացին, նրան ավելի էլ հարգում է։ Եթե սատանան հայտնվեր գյուղացիների մեջ, նրան այնքան չէին ատի, կսկսեին շողոքորթել։ Մարդը միշտ այսպես վարվել է և վարվում է։ Մարդը իր ռամկության հասակում բարի և շար ոգիներին հավասար կերպով էր պաշտում, երկուսին էլ զոհ էր մատուցանում։ Զարմանալին այն է, որ չարը համեմատաբար ավելի շատ զոհեր էր ընդունում։ Բարին մերն է, մտածում էր ռամիկը, բայց չարին պետք է գոհացնել, որ չարություն չգործե…