երիտասարդ էր նիհար և գունաթափ դեմքով, և թույլ, ավելի քնքուշ կազմվածքով,— մի երիտասարդ, որի արտաքին կերպարանքը մտածել էր տալիս, թե երկար տարիներ մաշվել և թառամել էր դպրոցների նստարանի վրա։ Ի՞նչ կոչումի և ի՞նչ պարապմունքի մարդ էր դա, հայտնի չէր, միայն այսքանը հայտնի էր, որ պոլսեցի է, հայ է, և ծերունի Խաչոն պարտ էր համարում հարգել մայրաքաղաքից եկած հային։ Բացի ճանապարհորդական խուրջինից նա իր հետ ուրիշ ոչինչ չուներ, և կիսամաշ եվրոպական հագուստը ցույց էր տալիս, որ աղքատ մեկը պետք է լինի։ Նրա բերող չարվադարը ձգեց նրան գյուղի մեջ և հեռացավ։ Նա ման էր գալիս, որ իր համար գիշերելու օթևան գտնե, երբ հանդիպեց Վարդանին։ Ասում են, սրտերի մեջ մի գաղտնի ճանապարհ կա։ Այդ երկու երիտասարդները կարճ խոսակցությունից հետո մտերմացան, և որպես մի գաղտնի աղանդի պատկանող երկու անդամներ, առանց նախապես միմյանց հետ ծանոթ լինելու, եղբայրական ձեռք մեկնեցին միմյանց։ Վարդանը նրան վեր առավ և բերեց ծերունի Խաչոյի տունը։
Նոր հյուրը իրան կոչում էր Միքայել Դուդուկջյան։ Որպես տաճկաստանցոց բոլոր տոհմանունները առած են լինում հոր կամ պապի արհեստից, պարոնի հայրն էլ դուդուկներ է շինելիս եղել, այսինքն՝ մի տեսակ շվիներ, որ երեխաները ածում են։ Իսկապես ծերունի Խաչոյին շատ դուր չեկավ ոչ նրա տոհմանունը, որ դժվարությամբ էր արտասանում, ոչ նրա հիվանդոտ և գունաթափ դեմքը, nչ նրա անհանգիստ աչքերը իրանց տենդային փայլով և ոչ էլ նրա մթին ու ծածկամիտ բնավորությունը, որ իսկույն կասկած էր հարուցանում։ Բայց Վարդանը ծածուկ ասել էր ծերունուն, թե «լավ տղա է, երբ ճանաչես, կսիրես դրան»։
Մտնելով ծերունի Խաչոյի տունը, անծանոթ հյուրը միայն մի բան հարցրեց Վարդանից.
— Կարելի՞ է հավատալ դրանց...
— Կարելի է...— պատասխանեց Վարդանը։
Երբ օդայի մեջ ճրագը վառվեցավ, գյուղական սովորության համեմատ, իսկույն ընթրիք տվեցին։ Այս գիշեր սեղանակից էին ծերունի հոր հետ նրա բոլոր վեց որդիները, որովհետև Թոմաս էֆենդին այնտեղ չէր, և մի ուրիշ բարձրաստիճան հյուր չկար, որի պատճառով որդիները համարձակություն չունենային սեղան նստելու: Վարդանը տան տղա էր համարվում, իսկ նոր հյուրի վրա