գրքեր էր կարդացնում, բայց գարունքին, երր գյուղական աշխատությունները սկսվում էին, իր աշակերտներին արձակում էր, որոնք մինչև աշնան վերջը դպրոցի երես չտեսնելով, ինչ որ սովորել էին, բոլորովին մոռանում էին։ Այդ տիրացու Սիմոնը գյուղի ծխատեր քահանայի՝ տեր-Մարուքի փեսան էր, մի հարաժամ արբեցող, բայց միևնույն ժամանակ սաստիկ խռովարար մարդ էր նա։ Նոր դպրոցների շինությունը նա իր շահերին վնասակար գտավ և գրգռեց իր աներոջը խափանել գործը։
Մի խոսք բավական էր գյուղացիների մոլեռանդությունը բորքոքելու և գործը խափանելու համար։ Քահանան եկեղեցում պարոն Սալմանի մասին, իր քարոզի մեջ, հայտնեց ժողովրդին, որ այդ մարդը «ֆարմասոն» է, հայոց աստծուն չէ պաշտում և բոլոր երեխերքին հավատքից կհանե։ Նա ավելացրեց, որ աղջիկներին կարդացնելը մեղք է, որ Սողոմոն իմաստունը և Հովհաննես Մկրտիչը կնիկներին անիծել են, որովհետև մի կին Հովհաննես Մկրտչի գլուխը կտրել տվեց։ Հետո սուրբ գրքից շատ փաստեր բերեց, որ Սամսոն մարգարեի (?) մահվան պատճառն էլ մի կին դարձավ։ Ադամին էլ Եվան խաբեց և դրախտից դուրս գցել տվավ, մի խոսքով, իր քարոզի մեջ զանազան այս տեսակ վկայություններ բերելով տեր հայրը հաստատեց, որ աղջիկներին կարդացնելը վտանգավոր է, որովհետև նրանք շատ բան կսովորեն և սատանա կդառնան։
Բայց տիրացու Սիմոնը մեծ հեղինակություն ուներ գյուղի կաանց հասարակության մեջ, նրանց համար զանազան կախարդական թղթեր էր գրում, հմայում էր, գուշակություններ էր անում, և այսպիսով գրավել էր նրանց համակրությունը։ Կնիկները ավելի գրգռեցին իրանց ամուսիններին, որ տիրացուին օգնեն, որ նրա հացը չկտրվի։
Քահանան և տիրացու Սիմոնը իրանց հարուցած խռովությունների մեջ մեծ օժանդակություն գտան Թոմաս Էֆենդուց, որը սաստիկ հակառակ էր դպրոց, դպրություն և ուսում կոչված բաներին։ Բացի դրանից, տիրացուն նրա անվարձ գրագիրն էր, գրում էր կապալառուի հաշիվները, և հունձի ժամանակ նրա զափթիաների հետ գյուղից գյուղ ման էր գալիս և հավաքում էր գյուղացիների մշակության բերքի տասնորդները։
Այդ բոլորը մեծ հոգսեր պատճառեցին բարեսիրտ ծերունի Խաչոյին, բայց բնավ չկարողացան խախտել պարոն Սալմանի