— Ինձ վիճակված էր, բարեկամ, ամենասոսկալի մասը արդարադատի գեհենի մեջ, և դրանով ես պարծենում եմ․․․ Այս աշխարհում ես չկարողացա բարձր տեղ բռնել, իսկ այնտեղ այդ հաջողվեցավ ինձ... Ոչ ոք ինձ հետ մրցություն անել չկարողացավ։ Ես տեսա Վասակին, Մերուժանին, Վեստ Սարգսին, Կայենին և այլ դրանց նման չարագործներին, նրանք նախանձվում էին իմ փառքին... Ա՜խ, որքան մեծ բավականություն է հրեղեն ալիքների մեջ լողալ, զգալ նրա զարհուրելի ջերմությունը, այրվել, խորովել և երբեք մոխիր չդառնալ... Այդ շատ լավ է, որ վախճան չունի, հավիտենականության մեջ ամեն ինչ լավ է․․․
Թե որպիսի երևակայական ցնորքների արտադրություն էին այդ խոսքերը, Վարդանին դժվար չէր հասկանալ։ Բայց նա այդ խոսքերի մեջ նկատում էր զղջացած սրտի ապաշխարանքը։ Այղ պատճառով նա մոռացավ իր բոլոր ատելությունը դեպի այդ թշվառ մարդը և բռնելով նրա ձեռքից, ասաց.
— Զգաստացեք, էֆենդի, դուք շուտով կառողջանաք, ձեր վերքերը այնքան վտանգավոր չեն։
— Ես լսում եմ մի ծանոթ ձայն։
— Վարդանի ձայնը։
Նա ամբողջ մարմնով դողաց, և հեռացնելով իրանից Վարդանի ձեռքը, գոչեց.
— Հեռացրեք ինձանից ձեր ձեռքը, ես կարող եմ պղծել նրան․ հեռացեք ինձանից, ես կարող եմ թունավորել ձեզ... Վարդան, ես ճանաչում եմ ձեզ, դուք բարի, միևնույն ժամանակ անողորմ սիրտ ունեք։ Գործ գրեցեք ձեր բոլոր անգթությունը և հենց այս րոպեում սպանեցեք ինձ. դրանով մեծ բարերարություն արած կլինեք ինձ, ձգեցեք իմ դիակը Ալաշկերտի անապատների մեջ, որ ես ինքս ամայի դարձրի. թող գազանները գիշատեն նրան։ Կամ եթե այնքան բարի կլինեք, ձգեցեք իմ դիակը մի փոսի մեջ և ծածկեցեք հողով. այնտեղից ես ճանապարհ կգտնեմ դեպի անդունդը, դեպի անշեջ հրո և տանջանքների հավիտենական կայարանը։ Բայց, ոչ, ոչ, ես Հայաստանի հողին արժանի չեմ, իմ գարշելի դիակը կպղծի նրա սրբությունը․․․
— Զգաստացեք, էֆենդի,— կրկնեց Վարդանը,— դուք չեք մեռնի․ ես ամեն խնամք գործ կդնեմ, որ դուք կենդանի մնաք։
— Ես կարծում էի, թե ինձ հեշտ կլինի մեռնել և աչքերս հավիտյան փակել գործած չարություններս չտեսնելու համար։ Բայց ոչ, երկնային վրեժ խնդիրը ավելի զորավոր է, քան չնչին մարդը։