Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարելի է տեղեկանալ ծերուnի Խաչոյի ընտանիքի որտեղ լինելու մասին,-այդ ուրախալի հույսը բավական հանգստացրել էր նրան։ Նա մտածում էր, թե այդ տեղեկություններով կարող է գտնել Լալային, և իր սիրով կթեթևացնե նրա պանդխտության տառապանքները։

Բшյց այդ` սիրտ խոցոտող կսկիծների առժամանակյա բթություն էր միայն, երբ վշտերը գուլանում են, և սրտի վերքերին տիրում էր րոպեական թմրություն։

Տունը, ուր տանում էր նրան Մելիք-Մանսուրը, գտնվում Էր Վաղարշապատի հին փողոցներից մեկի մեջ։ Շինվածքները թեև մանր էին և խիստ աղքատ, բայց որպես առհասարակ Վաղարշապատի տները, ունեին ընդարձակ բակեր, որ հովանավորված էին պտղատու ծառերով։

-Դու շատ գոհ չես լինի,-ասաց ճանապարհին Մելիք-Մանսուրը,-եթե գիտենաս, թե որտեղ եմ տանում քեզ։

-Ինձ համար միևնույն է,-պատասխանեց Վարդանը անփույթ կերպով։

-Ես միայն ցանկանում էի մի քանի տեղեկություններ ստանալ պարոն Սալմանի մասին։ Այնտեղ խո մեզ խանգարող չի՞ լինի։

-Ոչ ոք։

Փոքրիկ դռան մուրճը զարկեցին, մի պառավ կին բաց արեց դուռը։ Նրանք ներս մտան և դուռը կրկին փակվեցավ նրանց ետևից։

-Ա՛յ նանի, քեզ համար մի նոր հյուր եմ բերել,-ասաց Մելիք-Մանսուրը։

Պառավը մի խորամանկ հայացք ձգելով Վարդանի երեսին, պատասխանեց.

-Աչքիս վրան...

-Դե շուտ, նանի, մեզ համար մի շիշ գինի, սաստիկ ծարավ ենք,-ասաց Մելիք-Մանսուրը։ Եվ մոտենալով, ավելացրեց.-Հոգիդ կհանեմ, եթե մի ուրիշ մարդ ներս ես թողել։

Պառավը խորհրդավոր կերպով գլուխը շարժեց և հեռացավ։

Երկու երիտասարդները մտան մի փոքրիկ, բայց բավական մաքուր սենյակ, որ կահավորված էր կիսաասիական և կիսաեվրոպական ճաշակով, և նստան փոքրիկ սեղանի մոտ, միմյանց հանդեպ։ Քանի րոպեից հետո մի մանկահասակ կին հուշիկ քայլերով ներս մտավ և լռությամբ դրեց սեղանի վրա մի շիշ գինի, երկու բաժակի հետ, և նույնպես լռությամբ հեռացավ։ Նրա գլխի հայկական