Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարիներ մնում են պիրամիդների տակ, անհամբերությամբ սպասելով հոգիների վերադարձին, բայց իմ հոգին ավելի շուտ կատարեց իր շրջանը»։

— «Եվ ես բախտ ունեցա կրկին տեսնել կերպարանափոխված Թոմաս էֆենդուն»,— կտրեց Վարդանը նրա խոսքը։

— «Այո՛։ Ձեր տեսած առաջվա Թոմաս էֆենդին իր գարու հարազատ զավակն է, բայց ժամանակները փոխեցին նրան։ Այժմ նա ներկա սերնդի լավ ներկայացուցիչներից մեկն է։ բայց ներկա սերունդը մե՜ծ հառաջադիմություն է գործել, սիրելի Վարդան։ Հիշում ե՞ս, Մելիք-Մանսուրը մի ժամանակ «լավ ասեղներ» էր կանչում, և թափառում էր Ալաշկերտի գյուղերում, բայց նա այժմ մի առանձին զորաբաժնի գեներալ է»։

Վարդանր դարձավ դեպի Մելիք-Մանսուրը և պատկառանքով սեղմեց նրա աջը։

— «Մենք ուշանում ենք, պարոններ, նիստը շուտով կսկսվի»,— շտապեցնում էր պարոն Սալմանը։

— «Դա մեր կուսակցության ազատամիտների պարագլուխն է,— ասաց Թոմաս էֆենդին շշնջալով Վարդանի ականջին, և ցույց տալով պարոն Սալմանի վրա։

— Մի երևելի ճառ է պատրաստել այսօրվա ժողովի համար։ Ա՜խ, որքան լավ է խոսում նա»...

— «Ինձ էլ տարեք, պարոններ, ես էլ ցանկանում եմ լսել»...— գոչեց Վարդանը ուրախությամբ։

— «Գնանք»... — լսելի եղավ նրա մոտ մի օտար ձայն։ Վարդանը աչքերը բաց արավ, զգաց, որ իր տեսածը բոլորը երազ էր։ Նա շուրջը դեռ պատում էր գիշերային խավարը, և նա գտնվում էր անբախտ Լալայի հողադամբարանի մոտ։ Բայց այն ի՞նչ օտարոտի ձայն էր, որ զարթեցրուց նրան. այն ով էր, որ ասաց «գնանք»։

Հանկարծ չորս զորեղ ձեռքեր հափշտակեցին նրան և ամեն ինչ թաքնվեցավ գիշերային մթության մեջ...