Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ես գտա ձեր հոր գործերը այն դրության մեջ, որպես նախագուշակում էի։ Խանութները համարյա դատարկված էին, և այն ապրանքները, որոնք փոքրիշատե արժեք ունեին, հափշտակված էին։ Գիտեք ո՞ւմ ձեռքով. ձեր հոր հավատարիմների, գործակատարների ձեռքով։ Աղայի հանկարծակի մահը հնար էր տվել այդ ավազակներին կատարել իրանց փափագը, իսկ տեղական վարչության անհոգությունը ավելի դյուրություն էր ընծայել հափշտակության գործին։

Ես ոչ ոքի չեմ մեղադրում։ «Խելացի մարդը կգողանա»— ասում էր ինձ հաճախ հանգուցյալ աղան և գողությունը ընդունում էր որպես գլխավոր պայման կյանքի մեջ։ Եվ այս մտքով պատրաստեց իր ձեռքի տակ եղող մարդերից կատարյալ գողեր, վարժված և փորձված գողեր, բայց չէր հասկանում ողորմելին, որ այն զենքը, որ նա պատրաստում էը օտարների համար, մի օր ավելի սարսափելի կերպով կդառնար դեպի ինքը...

Ես պետք է հանդիպեի շատ արգելքների, մինչև կարողանայի ուղղել և կարգի դնել ձեր հոր ավերված գործերը։ Ամեն ինչ այնպես խճճված է, ամեն բանի մեջ այնպիսի անլուծանելի հանգույցներ են գցել, որ հազիվ թե կարելի էր բաց անել։ Եվ դժվարին այն է, որ այս բոլորի հետ կապված են այնպիսի քրեական հանցանքներ, որ եթե պարզվելու լինեին կատարված չարագործությունները, շատերը պետք է ճանապարհ դրվեին դեպի Սիրիր, որը, կարծեմ, ոչ ձեզ և ոչ ինձ հաճելի կլիներ։

Երևակայեցեք մի այսպիսի խաբեություն. ձեր հայրը իր կենդանության ժամանակ ուներ մի փաստաբան (դուք չեք ճանաչում այդ անպիտանին), մի մարդ, ինչպես ասում են, որ ամեն ծակ մտել և դուրս էր եկել, մի «չաթուքեսան», որ իր կյանքի մեծ մասը փտեցրել ու մաշել էր ստոր ծառայությունների մեջ, ուր հաճախ գործվում են անիրավություններ, ուր ծառայողը, որքան էլ ազնիվ լիներ, չէր կարող չսովորել զանազան տեսակ խաբեություններ։ Այդ մարդը ձեր հոր փաստաբանն էր, որ անխղճաբար կողոպտում էր նրա պարտականներին, իսկ աղայի մահից հետո, խելքից հանելով ձեր միամիտ մորը, դառնում է նրա և ձեր քույրերի կողմից հավատարմատար, այլև խնամակալ անչափահաս աղջիկների վրա։ Ոչխարի հոտը հանձնվում է գայլի ձեռքը։ Այնուհետև այս ավազակը, միանալով գործակատարների հետ, կատարում է ձեր հոր կայքի վերաբերությամբ աննկարագրելի անիրավություններ։

Մի փոքրիկ գաղափար տալու համար գործված չարությունների