Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— նա է,—ասաց Օմար-աղան վրդովված ձայնով.— ծերունի ավազակը բավական բազմություն է հավաքել իր շուրջը։

— Ի՞նչ պետք է արած,— հարցրուց վանահայրը ոչ սակավ խռովությամբ։

— Ուրիշ հնար չկա,— պատասխանեց քուրդը, այժմ ավելի սառն կերպով,— դուք պատվիրեցեք ժողովրդին հավաքվել վանքի պարիսպների մեջ, դռները փակել տվեք. վանքը բավական ամուր է պաշտպանվելու համար։

— Ես էլ այսպես եմ մտածում,— պատասխանեց վարդապետը․- ես վանքի պահարաններում բավական հրացաններ և վառոդ ունեմ թաքցրած, զգուշության համար վաղուց պահում էի ինձ մոտ. հիմա հանել կտամ. պետք է բաժանել, որոնք նետելու շնորք ունեն, ես ճանաչում եմ շատերին մերիններից, որ այդ գործին ընդունակ են։

— Իմ մարդիկներն էլ շուտով կգան,— ասաց քուրդը.— Ժամանակ կորցնել պետք չէ, ինչ որ անելու եք, մի՛ ուշացնեք։

Վանահայրը հեռացավ հարկավորած պատրաստությունները կարգադրելու։ Բայց Օմար-աղան դեռ կանգնած էր առաջվա տեղում և դիտակը ձեռին նայում էր։ Բրդերի մեջ շատ աղանդներ կան. այդ մարզը պատկանում էր մի աղանդի, որ հակառակ էր շեյխի դավանությանը։ Աղանդների տարբերությունը նույն ազդեցությունն ունի քրդերի վրա և նույն խտրություններն է ձգում նրանց մեջ, որպես ցեղական տարբերությունները, մանավանդ երբ հարաբերությունները կտրված են լինում թշնամական հանգամանքներով։ Օմար-աղայի ցեղը այսպիսի պատճառներով բաժանված էր այն ցեղերից, որ հավաքվել էին շեյխի շուրջը։

Բայց վանահոր դիտավորությունը սաստիկ արգելքների հանդիպեցավ ժողովրդի կողմից. ոչ ոք չցանկացավ համաձայնվել նրա հետ։ «Մեզ ամենիս կկոտորեն,— ասում էին նրանք,— ո՞ւմ վրա ենք ձեռք բարձրացնում. քրդի մի մազին դիպչել անկարելի է. մեզ կենդանի կայրեն, մեր որդիքը, մեր կանայքը կկոտորեն։ Մենք նրանց չենք ընդդիմանա, թո՛ղ գան, ինչ որ ուզում են թող տանեն, միայն մեզ և մեր որդիներին խնայեն...»։

— Կգան, ձեր բոլոր ունեցածը կտանեն և ձեզ ու ձեր որդիներին չեն խնայի...— ասում էր վարդապետը արտասուքը աչքերում։— Ինձ ականջ դրե՛ք. մեր սուրբ վանքը կպահպանե մեզ. մեր հույսը թող նրա վրա դնենք...։ Մեր մեջ շատ տղամարդեր կան․․․ Օմար-աղան էլ մեզ հետ կլինի...։